Երեկ Իջևանում կայացած քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկածու 49-ամյա Վարուժան Ներսիսյանը պարտություն է կրել:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, մասնակցությունը Իջևանում համայնքի ղեկավարի ընտրություններին կազմել է 8810:
Համաձայն նախնական տվյալների` ընտրություններում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու 38-ամյա Վարդան Ղալումյանը, ով հավաքել է 5039 ձայն: Վարուժան Ներսիսյանի օգտին քվեարկել է 3392 մարդ:
Իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի պարտությունն ամենևին էլ զարմանալի չէ իջևանցիների համար: Դեռևս ընտրություններից առաջ մասնավոր զրույցներում շատերը կարծիք էին հայտնում, որ Ներսիսյանը «շանս չունի», բավական տարածված էր հետևյալ բնութագրումը. «Մեր Քադաֆին էլ պետք ա գնա»:
Արդեն ընտրություններից հետո Իջևանում նշում էին, որ 1647 ձայնի առավելությունը ահռելի է Իջևանի համար, քանի որ նախկինում մրցակցության առկայության դեպքում տարբերությունը կազմել է առավելագույնը մի քանի հարյուր ձայն: