Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Վան քաղաքի շրջակայքում գրանցված 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզված «Բայրամ» հյուրանոցի ավերակների տակ մնացած թուրքական Doğan լրատվական գործակալության երկու լրագրողների` Սեբահատին Յիլմազի ու Ջեմ Էմիրի աճյունները երեկ հողին են հանձնվել իրենց հայրենի քաղաքներում:
Փրկարարները գտել էին լրագրողների մարմինները հյուրանոցի փլատակների տակ շաբաթ օրը:
Լրագրողները տարածաշրջան էին ժամանել` լուսաբանելու հոկտեմբերի 27-ին Վանում գրանցված 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքները:
Ի դեպ, փորձագետները վստահ են, որ նոյմեբերի 9-ի երկրաշարժի հետևանքով գրանցված զոհերի փաստն իշխանությունների անուշադրության և անփութության արդյունք էր:
Տարածաշրջան այցելած լրագրողներն ու փորձագետները նշում են, որ նոյեմբերի 9-ին երկրաշարժի արդյունքում փլուզված «Բայրամ» hյուրանոցը լուրջ վնասվել էր դեռևս հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, չնայած դրան այն դեռևս բաց էր և 32 հոգու էր ապաստանել, երբ կրկին ուժեղ ցնցումներ սկսվեցին:
Մինչդեռ «Բայրամ» հյուրանոցի սեփականատերը հայտարարել է, թե Վանի առաջին երկրաշարժից հետո որոշ պաշտոնատար անձինք եկել են հյուրանոց և այն բնակելի գնահատել: Այդուհանդերձ, Թուրքիայի պաշտոնյաները չեն հաստատում այս հայտարարությունը:
Միաժամանակ Աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությունը հայտարարել է, որ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի: Ծայրահեղ ցուրտ եղանակային պայմանները շարունակում են բարդացնել իրավիճակը. քաղաքում առկա է տաքացուցիչների և տաք վրանների պակաս: