Հանրապետական կուսակցության համար երբեք ինքնանպատակ չի եղել ամեն գնով հաղթելը, ՀՀԿ-ի համար ավելի կարևոր է ժողովրդավարության զարգացումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Իջևանում կայացած քաղաքապետի ընտրությունները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը, նախնական արդյունքների համաձայն, հաղթել է ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Իջևանի ընտրությունները լեգիտիմ է համարում, Շարմազանովն ասել է.
«Իջևանում ընտրությունները կայացել են: Ըստ նախնական արդյունքների` կա հաջողության հասած թեկնածու, և մենք շնորհավորում ենք հաղթող թեկնածուին` նոր քաղաքապետին: Կարծում եմ` պետք է այնպես անել, որպեսզի բոլոր ընտրությունները լինեն լեգիտիմ»:
Լրագրողները Շարմազանովին հարց են ուղղել, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ ընտրությունների ժամանակ 6-րդ վարչության աշխատակիցները ինչ-որ մարդկանց են բերման ենթարկել:
«Ես կարող եմ ընդամենը քաղաքական գնահատական տալ, և եթե անօրինական երևույթներ եղել են, դա ես չէ, որ պիտի մեկնաբանեմ», – ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը: