Թուրքիայի արևելյան հատվածում`Վան քաղաքի շրջանում, այսօր Երևանի ժամանակով 03:00-ի սահմաններում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Վանում տեղի ունեցած հոկտեմբերի 23-ի և նոյեմբերի 9-ի երկրաշարժերի արդյունքում զոհվածների թիվը հասել է 650-ի:
Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը Թուրքիայում շարունակում են քննարկումները փրկարարական աշխատանքների արդյունավետության և կազմակերպման մասին: Մասնավորապես, Hurriyet-ի թղթկացի հետ զրույցում Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման տեսչության աշխատակիցը նշել է, որ չնայած փրկարարների աշխատանքների որակը վերջին տարիներին լավացել է, աշխատանքների համակարգումը աղետի գոտում չափազանց ցածր մակարդակի է եղել: «Մենք չկարողացանք կազմակերպել աշխատանքը 600 հազար բնակչություն ունեցող Վանում: Ինչ կլիներ, եթե երկրաշարժ տեղի ունենար Ստամբուլում, որտեղ 18 միլիոն մարդ է ապրում»: