Հատուկ քննչական ծառայությունում 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով) քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:
Ինչպես հաղորդում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը, Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:
Նշենք, որ Սյունիքի մարզպետարաանի պաշտոնական կայքում դեպքի մասին հաղորդագրություն է տարածվել, որտեղ Սուրեն Խաչատրյանը հերքում է այդ ծեծի մասին հայտարարությունը:
«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՔԾ-ն, իր հերթին, նշում է, որ Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռևս նոյեմբերի 10-ի մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում:
Սիլվա Համբարձումյանը լրագրողներին հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ:
Սուրեն Խաչատրյանը մամուլում հերքել էր այդ լուրերը` նշելով, որ ինքը գնել է այդ սարքավորումները և սպառնացել էր դատարան դիմել: Դրանից հետո Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը պատրաստ է Խաչատրյանին խայտառակ անել նաև դատարանում, ինչպես նաև նշել էր, որ վերջինս թմրամոլ է:
«Ինքը հայտնի նարկոման է, եթե չգիտեք, ասեմ: Իր եղբայրը, տղան, բոլորը նարկոման են, իր տղային թմրամոլության համար բռնել, բաց են թողել», – ասել էր Համբարձումյանը:
Լուսանկարը` investigatory.am