Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերին, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:
Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Քոթլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ և անհրաժեշտ է ճիշտ ու հետևողական քաղաքականություն վարել:
Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն ուղղված հարցեր: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում:
Ֆիլիպ Քոթլերը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում սեմինարներ է անցկացնում գործարարների և ուսանողների համար: