Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը այսպես թե այնպես կներքաշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ: Ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան քաղաքական վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը:
«Ինչպես նման դեպքերում ասում են թատերական աշխարհում, եթե առաջին գործողության ժամանակ բեմում զենք է հայտնվում, ապա վերջինի ընթացքում այն անպայման կկրակի: Այսինքն, ռուսաստանցի զինվորականները Հայաստանում պատերազմի սկսվելուն պես կներգրավվեն դրանում երկու պատճառով: Առաջին պատճառը` ռուսաստանյան ուժերը ստիպված կլինեն պաշտպանել իրենց ռազմական կարողությունը Հայաստանի կողմից այն սեփականացնելու փորձերից: Երկրորդ պատճառը` ռուսաստանյան ռազմական ուժերը ադրբեջանական բանակի հաջող հարձակման դեպքում ստիպված կլինեն արդեն ադրբեջանցիներից պաշտպանվել»,- պարզաբանել է նա:
Բացի դրանից, Կուզնեցովը մատնանշել է այն, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական առումով Վրաստանին էր պաշտպանում օգոստոսյան պատերազմից հետո: «Եվ Մոսկվայում այդ մասին շատ լավ հիշում են: Բայց, այդուհանդերձ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կգնա ուղիղ ռազմական միջամտության: Համենայնդեպս, եթե Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը Գյումրիի ռազմակայանում ոչինչ չսպառնա»,- ասել է փորձագետը: