«Նորաշեն 2007» հասարակական կազմակերպության անդամները շատ շուտով կդիմեն Սերժ Սարգսյանին՝ իրենց հուզող հարցերի լուծումը ստանալու ակնկալիքով, քանի որ Գևորգ Չաուշ 37 և 38 նորակառույցների վերավաճառված բնակարանների բնակիչների կողմից ՀՀ նախագահի Վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանին ներկայացրած դիմում-բողոքները որևէ դրական փոփոխության չեն բերել: Նրանք պատրաստվում են անգամ անժամկետ հացադուլ հայտարարել Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են «Նորաշեն 2007» ՀԿ-ի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007» հասարակական կազմակերպությունը ստեղծել են «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչները, ովքեր վճարել են նորակառուցներում բնակարաններ ստանալու համար, սակայն մինչ այժմ դրանք չեն ստացել: Կոոպերատիվը, մասնավորապես, 14 բնակարան էր վերավաճառել ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին և նրա ամուսնուն` Դավիթ Բեգլրայանին:
Ինչպես դեռևս այս տարվա հուլիսին գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, «Նորաշեն-2007»-ի անդամների տրամադրության տակ առկա է կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի ձեռագրով մի ցուցակ, որտեղ նշված է, թե վերջինս ումից, որքան և ինչ տոկոսով է գումար վերցրել: Ցուցակի 20-րդ տողում նշված է «14 պայմանագիր, Բեգլարյան, 300 000 $, 5%»: «ՀԺ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ Չաուշի 14/3 հասցեում իր և ընտանիքի անդամների անուններով գրանցված բնակարաններ կան, սակայն կտրականապես հերքել էր իր ամուսնու կողմից Արմեն Թադևոսյանին տոկոսով գումար տալու հանգամանքը:
«Նորաշեն 2007»-ի կողմից խաբված այն բնակիչները, որոնց բնակարանները վերավաճառվել են, այսօր իրենց խնդիրները կապել են Հերմինե Նաղդալյանի հետ:
«Երբ պարզ դարձավ, որ մեր բնակարանների փաստաթղթերը գտնվում են ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի մոտ, վերջինս, իմանալով մեր բողոքների մասին, անձամբ խնդրեց, որ հանդիպենք: Յոթ հոգով գնացինք հանդիպման Ջրվեժում գտնվող իրենց սեփական արտադրամասում: Զրույցի ընթացքում հորդորեց, որպեսզի որևէ տեղ չշոշափենք իր անունը և խոստացավ անպայման վերադարձնել բնակարանները: Նրան հավատալով՝ շուրջ մեկ տարի է` սպասում ենք, որ մեր բնակարանները հետ կվերադարձնի: Համոզված ենք, որ նույն փափուկ բարձը նա դրել է նաև քննիչների գլխի տակ: Շուրջ մեկ տարի է, ինչ քննություն է գնում, սակայն ոչ մի ապացույց նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի վրա: Զարմանալի է այն փաստը, որ օրեր առաջ հեռուստատեսությամբ ելույթ է ունենում Հերմինե Նաղդալյանն ու երգից հուզված արտասվում է, սակայն հաշվի չի առնում այն, որ մեր բնակիչները շուրջ մեկ տարի է սգո երգ են երգում, ու ինքը ոչ մի անգամ չի արձագանքել վարձով ու ծայրահեղ վիճակով ապրող բնակիչներիս: Հասարակ երգից հուզվողը` ինչպե՞ս կարող է այսքան անտարբեր լինել թվով չորս հարյուր խաբված բնակչի նկատմամբ», – նշել է Գևորգ Չավուշ 14/3 շենքի բնակչուհի Արմինե Մայիլյանը:
Բողոքողների խոսքերով` իրենք միահամուռ կերպով պայքարելու են այնքան ժամանակ, մինչև Հերմինե Նաղդալյանից և նրա ամուսնուց հետ ստանան վերջին բնակարանը:
«Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ և ամաչում եմ, որ երբ նախընտրական շրջանում սկսեմ ձայներ հավաքել մեր կուսակցության օգտին, մարդիկ ամոթանք են տալու, որ իմ կուսակցությունում Նաղդալյանի պես մարդիկ կան», – ասել է ՀԿ ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ Բորիս Նազարյանը:
«Նորաշեն 2007»-ի անդամները վստահեցնում են, որ եթե իրենք պատրաստ էին մինչ այժմ նորից վճարել իրենց բնակարանները հետ ստանալու համար, ապա հիմա իրենք վիճակի չեն նույնիսկ կոպեկներ վճարել՝ ելնելով ծայրաստիճան ծանր վիճակից, իսկ Հերմինե Նաղդալյանը ոչ մի զիջման չի գնա, դա իր համար բարոյական պարտություն կլինի:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունը 2009-ի նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել «Նորաշեն 2007» կոոպերատիվին 500 հազար դոլար վարկի պետական երաշխավորություն տալ, սակայն դա էլ չէր օգնել կոոպերատիվի ղեկավարներին լուծել իրենց խնդիրները: