Հայ-ադրբեջանական պատերազմը ռուսական գիտակցության համար եղել և մնում է օտար, ինչպես ԱՄՆ-ի պատերազմն Իրաքում: Այդ մասին գիտեն, բայց ոչ ոք ոչ ոքի չի կարեկցում: Vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան քաղաքական վերլուծաբան, միջազգային իրավունքի դասախոս Օլեգ Կուզնեցովը:
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության մեջ ռուսաստանյան հասարակությունը որ կողմին է համակրում, պատասխանն այսպես կհնչի. ընդհանուր առմամբ Ռուսաստանի քաղաքացիները միջազգային այս խնդրի հանդեպ անտարբեր են: Ղարաբաղն իրենց խնդիրը չէ:
Եվ եթե խոսենք ղարաբաղյան հակամարտության շրջանակներում տեղեկատվական հակազդեցության մասին, ապա, իմ կարծիքով, շատ ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը դադարեցներ հայկական կողմից եկող հարձակումներին տրվող հակաքարոզչությունը, այլ իր սեփական ուղղորդված քարոզչությունը վարեր: Դա շատ ավելի արդյունավետ կլիներ: Այլապես, ինչպես մեզ սովորեցնում է ռուսաստանյան և ադրբեջանական ազգերին միացնող ԽՍՀՄ պատմությունը, պաշտոնական Բաքուն անխուսափելիորեն պարտություն կկրի Լեռնային Ղարաբաղի շուրջ «սառը» կամ տեղեկատվական պատերազմում »,- հայտարարել է Կուզնեցովը: