ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Սարգսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև արձանագրված միջադեպի մասին: Նա ասել է, որ ինքը հեռախոսով զրուցելիս է եղել, երբ ձայներ է լսել, շրջվել ու տեսել է արդեն ոչ թե ծեծկռտուք, այլ քաշքշոց: «Քաշքշոցը տեսա, մոտեցա, բաժանեցի նրանց, հետո Սիլվային փորձեցի հանգստացնել»,-ասել է Սարգսյանը:
Վերջինս նաև գնահատական է տվել կատարվածին. «Որպես տղամարդ` կարծում եմ, որ չի կարելի կնոջ վրա ձեռք բարձրացնել: Թեև ես խփել չեմ տեսել, այլ երբ աղմուկին շուռ եկա քաշքշոց էր, փորձեցի բաժանել` Մենուա Հարությունյանի հետ միասին»:
Նույն Սամվել Սարգսյանը երեկ «Հայկական ժամանակին» ասել էր, որ «ծնկով խփելու պահը չեմ տեսել, ես տեսա, որ ձեռքով ապտակեց ու հասա»:
«Սուրեն Խաչատրյանի վախից պատգամավորները կամաց-կամաց իրենց դեռևս ցուցմունքի չվերածված հայտարարությունը կարգավորում են, որ քննչական մարմիններում մանևրելու տեղ ունենան», գրում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ Համբարձումյանի և Սուրեն Խաչատրյանի շուրջ սկանդալ ծավալվեց այն բանից հետո, երբ գործարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետը «Լիճքվազ-Թեյի» հանքավայրից 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում է գողացել: Ավելի ուժ Խաչատրյանը մամուլով սպառնաց Համբարձումյանին դատի տալ՝ նշելով, որ ինքը սարքավորումները գնել է, որից հետո կին գործարարը հայտարարեց Խաչատրյանի և նրա որդու թմրամոլ լինելու մասին, և որ ինքը դատարանում պատրաստ է խայտառակել մարզպետին:
Այս փոխադարձ հայտարարություններին հաջորդեց նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետի և կին գործարարի միջև ընդհարումը, որի ժամանակ Խաչատրյանը հարձակվել էր Համբարձումյանի վրա, և ըստ կնոջ ցուցմունքների հարվածել իրեն: