Home / Հայաստան / «Մինչև չկործանի, չի գնա». նախկին վարչապետը Տիգրան Սարգսյանի մասին

«Մինչև չկործանի, չի գնա». նախկին վարչապետը Տիգրան Սարգսյանի մասին

2012 թվականի Հայաստանի պետբյուջեն ավելի կխրախուսի արտագաղթը, այն, ըստ էության, կլինի արտագաղթի բյուջե: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Նա նշել է, որ 2012-ի բյուջեում հօգուտ ժողովրդի վերաբաշխում տեղի չի ունենում, քանի որ բոլոր տեսակի հարկերը խոշոր հարկատուների վրա կազմում են 2-2,5 միլիարդ դրամ, իսկ միայն գնաճի հետևանքով ավելացված արժեքը ժողովրդի վրա կազմելու է 50 միլիարդ դրամ:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ և հրավիրում եմ և’ Սերժ Սարգսյանի, և’ ՀՀԿ-ի ուշադրությունը. լսեք, ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ խոշոր հարկատուների, հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: Այսինքն` 2012-ը բերքառատ տարի է  լինելու հարուստների համար, աղքատացումը շարունակվելու է», – ասել է Բագրատյանը:

Խոսելով նաև տնտեսական աճի մասին` Հրանտ Բագրատյանն ասել է, որ տարեկան մինչև երեք տոկոս բնակչության նվազման դեպքում, ինչը բերում է նաև սպառման պակասեցման, որևէ ռեալ աճի մասին խոսել հնարավոր չէ:

«Նորից եմ օգտագործում առիթը և զգուշացնում եմ, ես լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, մինչև չկործանի, չի գնա, որևէ բան կառուցող չի: Խորհուրդ եմ տալիս ՀՀԿ-ին հետևություններ անել: Գուցե, նա ֆռռացրել է այդ կուսակցությանը: Չի կարելի գնալ ընտրությունների` գոնե չնչին  բան չխոստանալով մարդկանց, գոնե խոստանալով, որ չի վատանա: Ընդհակառակը, մոտենում են, ասում են` վատանալու է: Սա արդեն որոշակիորեն իր մեջ պարունակում է ցինիզմի էլեմենտներ. այսինքն` կառավարությունը գալիս է  և ասում է` չեմ էլ փորձելու որևէ բան անել», – ասել է  Բագրատյանը:

Նախկին վարչապետը նշել է, որ չի ցանկանում անհամեստ թվալ, բայց եթե այս բյուջեում որևէ բան էլ կա, դա ընդդիմության ասածն է: Մանսավորապես, հիշեցնելով հոկտեմբերի 28-ի հանրահավաքին հնչեցրած իր ելույթը, Բագրատյանը նշել է.

«Ես միտինգին հայտարարում եմ, որ պետք է անցնենք պրոգրեսիվ եկամտահարկի ինքը (վարչապետը – խմբ.) հայտարարում է, որ անցնում ենք պրոգրեսիվ եկամտահարկի և աղճատված կիրառում են մեր ասածը: Այդ մարդկանցից պետք է ազատվել, և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- հավելել է Հրանտ Բագրատյանը: