«Բարգավաճ Հայաստան» կուսացությունն առայժմ չի արձագանքի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև տեղի ունեցած միջադեպին, քանի դեռ հարուցված քրեական գործն ընթացքում է: Այս մասին այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես ինքս` որպես անհատ պատգամավոր, կարող եմ դատապարտել՝ ասելով որ ուղղակիորեն անընդունելի են պաշտոնյայի կողմից, անկախ նրանից, թե ով է իրավացի, ով՝ մեղավոր, հարցերը նման կերպ լուծելու փորձերը: Բայց գիտեք, հարուցվել է քրեական գործ, և կարծում եմ` ցանկացած արձագանք ճիշտ կլինի տալ քրեական գործի ավարտից հետո», – ասել է Զոհրհաբյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Լիճվազք-Թեյի հանքից 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել, որից հետո նոյեմբերի 14-ին, Համբարձումյանի պնդմամբ, մարզպետը հարձակվել է իր վրա «Մարիոթ» հյուրանոցի մոտ և իրեն հարվածներ հասցրել:
Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Լուսանկարը` syuniacyerkir.am