Երևանի կենտրոնում` Շառլ Ազնավուրի հրապարակում, 50 հարկանի շենքի կառուցումը ճարտարապետները անընդունելի են համարում և ահազանգում են, որ այն կարող է խաթարել Երևանի կենտրոնի դիմապատկերը:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը և ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Երևանի կենտրոնում կառուցման համար նախատեսված «պարսկական աշտարակի» նախագիծը պատկանում է իրանական ընկերությանը:
Հրաչ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ երկու օր առաջ զրուցել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ և պարզել է, որ այդ տարածքը պատկանել է Նկարիչների միությանը և 90-ականներին գնվել է ինչ-որ իրանական ընկերության կողմից:
«Դրա հետևի մասում էլ մասնավոր հողամաս է եղել, որը դարձյալ նրանք գնել են, որից հետո այդ նախագիծը առանց քննարկվելու քաղաքաշինական խորհրդի կողմից դիտարկվել է քաղաքապետարանի ղեկավարության կողմից և տրվել է ճարտարապետական առաջադրանք: Դա Գագիկ Բեգլարյանի ժամանակ էր, և գլխավոր ճարտարապետն էլ եղել է Սամվել Դանիելյանը: Առաջադրանքը տալու ժամանակ, Սամվել Դանիելյանի կարծիքով, արել են այնպես, որ շենքը այդքան բարձր չլինի և տվել են 25 հարկի առաջադրանք», – ասել է Հրաչ Պողոսյանը:
Նա նշել է, որ նույնիսկ 25 հարկն էլ չի կարելի կառուցել: Պողոսյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցը նախ անհրաժեշտ է քննարկել Ճարտարապետների միությունում, շտապ եզրակացություն տալ քաղաքապետարանին, իսկ հետո քննարկել լայն հասարակության շրջաններում և փորձել դիմակայել նախագծի կայացմանը:
Մկրտիչ Մինասյանը նշել է, որ 4-5 տարի առաջ քաղաքաշինական խորհրդում քննարկվել է այդ վայրում շենքի կառուցման նման մի նախագիծ, որը ներկայացրել էր իրանական կողմը, սակայն այն մերժվել էր:
«2009-ին տրված է նախագծային առաջադրանք, բայց այդ առաջադրանքն արդեն ուժը կորցրած վիճակում է, քանի որ 2 տարի է անցել: Անպայման պետք է այնպես անել, որ այդ որոշումը ռեանիմացիայի չենթարկվի, նույնսիկ 10-20 հարկանիի դեպքում»,- ասել է Մինասյանը:
Վերջինս նաև նշել է, որ մեր քաղաքի բուն փոքր կենտրոնը նման ոտնձգությունից զերծ պահելու համար պետք է քաղաքաշինական ինչ-որ ռեժիմ հայտարարվի: Մինասյանի խոսքով` բավական է նմանատիպ մի կառույց լինի, և Երևանի կենտրոնն իսպառ կոչնչացվի: