«Ժողովուրդ» օրաթերթը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված գործածար, Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործի վերաբերյալ զրուցել է Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի հետ`խնդրելով մեկնաբանել դատարանի վճիռը:
«Եթե հաշվի առնենք, որ նման արարք կատարվել է անչափահասների նկատմամբ, եթե համեմատենք, որ ԱՄՆ-ում այս արարքի համար 30 տարվա ազատազրկման են դատապարտում, իսկ որոշ երկրներում` ավելի խիստ պատժի արժանացնում, կարելի է ասել, որ Սերոբ Տեր-Պողոսյանի համար սա թեթև պատիժ էր», – ասել է Խաչիկյանը:
Քաղաքապետը դրական է արտահայտվել նաև ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության մասին, որով վերջինս առաջարկում է նման դեպքերում ընդհուպ մինչև ամորձատել: «Միայն ամորձատումը նման արարքների համար քիչ է, պետք է նաև դրան զուգահեռ դատապարտել ազատազրկման», – նշել է Խաչիկյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական ոտնձգության ենթարկված երեխաների ծնողները փորձել են սատարել նրան, քաղաքապետը հայտարարել է, որ այդ ծնողները մեծամասամբ ամուսին չունեն. «Ես ծանոթ եմ` մի ժամանակ ինչ վարք են ունեցել նրանք և ինչ վարք ունեն այսօր: Մի ժամանակ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհի եզրին ժամանակավոր կառույցներում էին իրենք իրենց հացը վաստակում: Գործով անցնողներն ընդամենը 10 երեխաներ են, և նրանց մեծամասնությունը միակողմանի ծնողազուրկ է, խոցելի խմբի երեխաներ են: Նորմալ ընտանիքի երեխան չէր հայտնվի զոհերի շարքում, ծնողներն ավելի հետևողական կլինեին երեխաների դաստիարակության հարցում»,-ասել է քաղաքապետը:
Խաչիկյանը միաժամանակ վստահեցրել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին ծնողների արտահայտած կարծիքն Ախթալայի կարծիքը չէ: «Ախթալայում բացասաբար են վերաբերվում և´ Սերոբին, և´ նրան սատարող ծնողներին, և´ կոմբինատի ղեկավարությանը: Պարզապես այս ամիսներին նրանք փորձել են վախի մթնոլորտ սերմանել, թե` ա´յ Սերոբը կգա, նա հիմա Ծաղկաձորում կամ Ջերմուկում հանգստանում է, կալանավորված չէ, որևէ խնդիր չկա: Դա անում էին, որ մարդիկ բողոքի ձայն չբարձրացնեն: Հոգեբանական ճնշումով փորձել են մարդկանց զսպել, որ դատավարության ընթացքում բողոքի ալիք չբարձրացնեն: Ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է գտնվում, ցածր աշխատավարձով գոյատևում, և այդ հոգեբանական ճնշումները որոշակի ազդեցություն ունենում էին», – հայտարարել է Ախթալայի քաղաքապետը:
Նշենք, որ Խաչիկյանը չի ցանկացել պատասխանել այն հարցին, թե ինչպես է նման մարդը վարչապետի խորհրդական և ոստիկանության առընթեր հասարակական խորհրդի անդամ եղել` ասելով, որ այդ հարցին պետք է պատասխանեն նրանք, ում հետ նա աշխատել է: