Wikileaks սկանդալային կայքին գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ մեղադրվող ԱՄՆ շարքային զինվոր Բրեդլի Մենինգի գործով դատական նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին, հաղորդել են նրա փաստաբանները: Մենինգի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիքների տարածման հոդվածի համաձայն, հայտնում է BBC-ն:
Նա մեղադրվում է նաև «թշնամուն օգնություն ցուցաբերելու» մեջ, որի համար խիստ պատիժ է սպառնում, ընդհուպ մինչև մահապատիժ: Սակայն, դատելով դատական փաստաթղթերից, դատախազները ազատազրկում են պահանջելու:
Մենինգը ձերբակալվել էր 2010 թվականին Իրաքում և այդ ժամանակից ի վեր ռազմական բանտում է գտնվում: Նրա ձերբակալության պայմանները բազմիցս քննարկման և քննադատության առարկա են դարձել:
Սկզբում նրան բացարձակ մեկուսացման մեջ էին պահում և ստիպում էին ամբողջությամբ մերկանալ գիշերը`ինքնասպանության հնարավոր փորձերը կանխելու նպատակով, սակայն հետագայում տեղափոխեցին մեկ այլ կալանավայր, բանտային առավել մեղմ պայմաններով: