Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որ առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային: Այս մասին ասված է կոալիցիայի տարածված հաղորդագրության մեջ:
«Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել և պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում և հետևողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին:
Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք և պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ և ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաև կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին և հետևի դրանց ընթացքին:
Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետևողական դրսևորումն է», – նշում են հայտարարության հեղինակները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիլվա Համբարձումյան հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Լիճվազք-Թեյի հանքից 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել, որից հետո նոյեմբերի 14-ին, Համբարձումյանի պնդմամբ, մարզպետը հարձակվել է իր վրա «Մարիոթ» հյուրանոցի մոտ և իրեն հարվածներ հասցրել:
Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):