2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել մահացած զինծառայողի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, խոսելու ընթացքում Հովհաննիսյանը հուզվել է, որից հետո ընդմիջում է հայտարարվել: Նիստը վերսկսվել է մոտավորապես մեկ և կես ժամ անց, և Նազարյանի մայրը շարունակել է ցուցմունքներ տալ:
Նա նշել է, որ այն վայրը, որը ներկայացվում էր որպես իր որդու ինքնասպանության վայր, ադրբեջանցի չորս դիպուկահարների կենտրոնն է եղել և իր որդին «գիժ չէր, որ գնար և կանգներ այնտեղ»:
Հասմիկ Հովաննիսյանը նաև դատարանին ներկայացրել է ժայռաբեկորի տակ նկարահանված մի լուսանկար, որտեղ իր որդին սպանված է եղել: Հովհաննիսյանը նշել է, որ այդ նկարն արվել է անհատի կողմից, և նկարում պարզ երևում է, որ ավտոմատը մի կերպ իր որդու ատամները կոտրելով մտցրել են նրա բերանը: Տվյալ լուսանկարը գործի նյութերում չկա:
Դատավոր Սամվել Մարդանյանն այսօր չի անդրադարձել այդ լուսանկարին, միայն նշել է, որ այն կհետազոտվի, այնուհետև կորոշվի` արդյոք այն կկցվի քրեական գործին և ապացույց կհանդիսանա:
Իր ցուցմունքի ժամանակ Հասմիկ Հովհաննիսյանը բարձրաձայնել է, որ գործում առկա լուսանկարներն իրենց չեն տվել:
Այնուհետև Հասմիկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը դարձյալ վատացել է, և դատավորը հետաձգել է դատական նիստը` նշանակելով այն նոյեմբերի 29-ին, ժամը 12.00-ին: