Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի մոտ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո զգալի փոփոխություններ են նկատվում. նա նորմալ սնվում է, կարգավորվել է քունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով` կարևորն այն է, որ իր որդին տանն է` իր անմիջական հսկողության ներքո:
«Օրվա մեծ մասը Հովհաննեսը քնած է, քանի որ հոգեմետ դեղերի մեծ չափաբաժին է ընդունում`օրական չորս անգամ: Դեղերը գնում եմ դեղատնից` իմ միջոցներով` բժշկի նշանակած դեղատոմսով (իմիջիայլոց, շատ թանկարժեք դեղեր են): Ինչ վերաբերում է անվճար դեղեր ձեռք բերելուն, պիտի նշեմ, որ մինչև կարգ չունենա, անվճար դեղեր ստանալ չենք կարող», – պատմել է Վ.Վարդանյանը:
Նրա խոսքով` բացի տարածքային բժշկի մոտ բուժումներ ստանալուց, Հովհաննեսը բուժման կուրս է անցնում նաև մասնավոր հոգեբույժ-հոգեբանի մոտ.
«Բժիշկն ասում է, որ ամեն ինչ կախված է ժամանակից, ու հարյուր տոկոսանոց երաշխիք տալ չի կարող: Նա խոստացել է Հովհաննեսին բերել այն վիճակի, որ գոնե կարողանա ինքնուրույն դուրս գալ, շփվել ընկերների հետ, մի խոսքով` չդառնա ծիծաղի առարկա», – ասել է նա:
Վարդան Վարդանյանը ցավով է փաստում, որ դեպքից հետո տղային օգնություն ցույց տալու շատ խոստումներ հնչեցին և այդպես էլ մնացին օդում կախված.
«Պաշտպանության նախարարությունից ու պետությունից մինչ օրս որևէ օգնություն չեմ ստացել`որևէ կերպ չեն աջակցել, փոխարենը օգնել են ժողովուրդը և տարբեր բարերարներ` անգամ իսկ ԱՄՆ-ից: Շատ թանկարժեք դեղեր են ուղարկել, որոնք սեփական միջոցներով ձեռք բերել հաստատ չէի կարողանա: Բոլոր բարերարների անունները մեկառմեկ գրել եմ, որ երբ Հովհաննեսը մի փոքր կազդուրվի, անձամբ զանգի ու շնորհակալություն հայտնի», -ընդծել է նա:
Ինչ վերաբերում է գործի քննությանը, Վ. Վարդանյանը պատմում է, որ ամսից ավել է, ինչ հեռախոսով զրուցել է քննիչի հետ, սակայն որևէ տեղաշարժ չի տեսնում:
«Երկու անգամ զանգել եմ քննիչին, սակայն զանգերիս չի պատասխանում: Մեկ անգամ ևս կփորձեմ զանգ տալ, եթե չպատասխանի, կդիմեմ բոլոր պատկան մարմիններին: Եթե փորձում են ժամանակ շահել ու կոծկել նախաքննությունը, ապա ասեմ, որ չարաչար սխալվում են`գլխիս տակ փափուկ բարձ դնելով: Շատերն են հորդորել հետ կանգնել մեղավորներին պատժելու մտքից` ասելով, որ միևնույն է, դրանից տղայիս վիճակը չի թեթևանա, սակայն ես պայքարելու եմ, որպեսզի արժանի պատիժ կրեն բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն այս գործին, հակառակ դեպքում նման թողտվության պայմաններում ցանկացածի երեխան կարող է ենթարկվել նման բռնությունների»,- ընդգծել է Հովհաննեսի հայրը:
Ինչ վերաբերում է Հովհաննեսի բուժումը արտերկրում շարունակելուն, Վարդան Վարդանյանը լիահույս է, որ կգտնվի բարեխիղճ մեկը, ով կաջակցի իրենց, քանի որ սեփական միջոցները բավականցնում են միայն դեղերին ու առօրյա հոգսերը հոգալուն:
Epress.am-ը զրուցել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի «Նորք» հոգեբուժական կլինիկայի տնօրեն Անաիդա Գևորգյանի հետ, ով Հովհաննեսի վիճակը գնահատել է բավարար.
«Հովհաննեսը շարունակելու է բուժումը տնային պայմաններում` տարածքային բժշկի անմիջական հսկողության ներքո: Հաշվի առնելով այն փաստը, որ տղան հոգեբուժարանում անցել էր բուժման քսանչորս օրը, մենք ընդառաջեցինք նրա հոր հորդորներին և թույլ տվեցինք որդուն տուն տանել», – ասել է Անաիդա Գևորգյանը:
Ինչ վերաբերում է հասարակության համար վտանգավոր լինելուն, ապա, բժշկի խոսքով, յուրաքանչյուր առողջ մարդ իրենից պոտենցիալ վտանգ է ներկայացնում, հիվանդները նույնպես:
«Առողջները երբեմն ավելի շատ են հակված իրավախախտումների, քան հոգեկան տարբեր շեղումներով տառապողները, քանի որ հիվանդների նկատմամբ մեծ է ուշադրությունը թե ընտանիքի անդամների, թե շրջապատի կողմից, իսկ առողջները վերահսկողությունից դուրս են և կարող են տարատեսակ սխալներ թույլ տալ», -եզրափակել է Անաիդա Գևորգյանը: