Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը Հայաստանի հետ բանակցություններ է սկսել փոփոխելու համար այն պայմանները, որոնցով հոլդինգը ղեկավարում է Հայկական ԱԷԿ-ը: Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է հոլդինգին մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրը պարզաբանել է, որ հայկական ԱԷԿ-ը «Ինտեր ՌԱՕ»-ի համար «արագ աճող ռիսկերով ոչ պրոֆիլային գործունեություն է համարվում»: Ընկերությունում հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություն տալ:
Հայկական ԱԷԿ-ը պատկանում է Հայաստանին և ունի մեկ գործող էներգոբլոկ` 400 ՄԲթ հզորությամբ, որը գործարկվել է 1980 թվականին: Շահագործման ժամկետը ավարտվում է 2016-ին: ԱԷԿ-ը մոտ 40% էլեկտրոէներգիայով է ապահովում Հայաստանը: «Ինտեր ՌԱՕ-ն» ղեկավարում է Հայակական ԱԷԿ-ը 2003 թվականից: Հայկական ԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013 թվականին:
Ըստ թերթի աղբյուրի` «Ինտեր ՌԱՕ-ն» ցանկանում է իր լիազորությունները փոխանցել «Ռոսատոմ» պետական կորպորացիային: Նրա խոսքով` «Ինտեր ՌԱՕ» ցանկանում է ժամանակից շուտ հրաժարվել կայանի ղեկավարությունից: Էներգետիկ հոլդինգի համար կարևոր չէ, թե հատկապես ով կարող է փոխարինել իրեն ընկերության ղեկավարի դերում` հայկական կողմը, թե «Ռոսատոմը»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը` նշելով, որ կարևոր է, որ դա այնպիսի կառույց լինի, որի համար ատոմային էներգիան պրոֆիլային գործունեություն է:
Սակայն դեռևս պարզ չէ` կհաջողվի «Ինտեր ՌԱՕ»-ին պայմանավորվել «Ռոսատոմի» հետ, թե ոչ: Պետական ընկերությունում «Կոմերսանտին» հայտնել են, որ «Ռոսատոմը» հետաքրքրված չէ Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկով: Նախևառաջ Ռոսատոմը զբաղվում է 1 ԳԲթ հզորությամբ նոր բլոկի ստեղծման նախագծով: Էներգոբլոկը մինչև 2017 թ. պետք է կառուցի «Մեծամորէներգատոմը» և Հայաստանի էկոնոմիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը: Նախագծի ներդրումները գնահատվում են 4-5 մլրդ դոլար: «Ռոսատոմը» նաև վառելանյութ է մատակարարում Հայկական ԱԷԿ-ի համար:
«Կոմերսանտն» ընդգծում է, որ ներկայումս Հայաստանի ենթակառուցվածքների նշանակալից հատվածը այսպես թե այնպես ղեկավարվում է Ռուսաստանի կողմից: