BMW ընկերության Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներկայացուցչության հայազգի աշխատակիցները դատարանի առջև կկանգնեն, գրում է Glendale News Press պարբերական:
21-ամյա Վաչե Մարկոսյանը և 22-ամյա Արթին Յազիչյանը ընկերության ավտոսրահից անձնական նպատակներով սպորտային մեքենա են «փախցրել» ու սլացել Գլենդեյլի փողոցներով:
Ղեկին գտնվող Մարկոսյանի կողքին նստած Յազիչյանը որոշել է տեսագրել իրենց «արկածախնդրությունը», իսկ հաջորդ օրը տեսանյութը հայտնվել է Youtube կայքում:
Գլեյնեդլի ոստիկանության ներկայացուցիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, սակայն Youtube-ում տեղադրված տեսանյութի մասին ոստիկանությանը հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ին միայն:
«Փաստորեն, նախկան մեր տեղեկանալը տեսանյութը երկար ժամանակ եղել է համացանցում», – ասել է Գլենդեյլի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենսը:
Նշենք, որ արկածախնդիր երիտասարդներն անմիջապես ազատվել են աշխատանքից: