Այսօր 2008 թվականի մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանը կդառնար 37 տարեկան:
Չնայած Ֆարմանյանի մահից արդեն 3,5 տարի է անցել, սակայն ծնողները մարտի 1-ի գործով որևէ առաջընթաց չեն տեսել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Արմենի հայրը` Վաչագան Ֆարմանյանը:
Նրա խոսքով` իրենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենում են, նրանց նամակներ են հանձնում, սակայն դա ոչինչ չի փոխում:
«Ուզում են մոռացության տան մարտի 1-ը, բայց չենք թողնի: Մենք հույս չունենք, որ այս իշխանության օրոք այդ գործում առաջընթաց կլինի: Այդ գործն իրականում բացահայտված-պրծած է, խփողը կա, հրամանը տվողը կա, ուղղակի ցանկություն չկա, որ համարեն բացահայտված: Իրանց արած գործն ա, իրանց մարդու կողմից: «Չերյոմուխան» արգելված արխիվային զենք էր, ինչո՞ւ կիրառեցին, դիպուկահարներն էլ կրակեցին… Պարզ, բացահայտված է»,- ասել է Վաչագան Ֆարմանյանը:
Վերջինս նաև նշել է, որ իրենք Հայ Ազգային Կոնգրեսից բացի, ոչ մի ուրիշ քաղաքական ուժից, կամ Ազգային ժողովից հույս չունեն:
«Մեր հույսը կապված է միայն Կոնգրեսի հետ: «Ժառանգությունն» էլ է ընդդիմություն, իբր թե Դաշնակցությունն էլ է իրան ընդդիմության տեղ դրել, բայց նրանք ոչ մեկն էլ բան չեն անում», – ասել է նա:
Վերջինս նաև ասել է, որ մարտի 1-ին զոհված անձանց ծնողները հետևողական են լինելու և մինչև վերջ պայքարելու են, որպեսզի հասնեն իրենց որդիների սպանության ամբողջական բացահայտմանը: