Home / Հայաստան / Այսօր Հայաստանում կպահանջեն ազատել բելառուս քաղբանտարկյալին

Այսօր Հայաստանում կպահանջեն ազատել բելառուս քաղբանտարկյալին

Այսօր Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) ակցիա է կազմակերպում` ի պաշտպանություն երեկ Բելառուսի իշխանությունների կողմից 4,5 տարվա ազատազրկման դաըապարտված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու:

Ինչպես ասված է Հելսինկյան ասոցիացիայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի:

Այսօրվա պիկետը տեղի կունենա Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց (Արաբկիր  համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա, ժամը 14:30-ին). Իրավապաշտպանները կպահանջեն ազատ արձակել Բելյացկուն և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Ակցիաներն ի պաշտպանություն Ալես Բելյացկու միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:

Պիկետի կարգախոսներն են՝ «Ազատություն Ալես Բելյացկուն», «Մեր և ձեր ազատությունների համար», «Ազատություն քաղբանտարկյալներին»:

Նշենք, որ արդեն մեկ նմանատիպ ակցիա էր կազմակերպել այս տարվա սեպտեմբերի 5-ին: