Օգոստոսի 14-ին Վայքի ծննդատանը շնչահեղձուկով ծնված, այնուհետ «Մուրացանի»-ի համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և քսան օր անց մահացած փոքրիկի մահվան մեջ հարազատների կողմից մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը կալանքի տակ չէ և սպասում է փորձագիտական եզրակացության պատասխաններին:
Epress.am-ի հետ զրույցում Հովհաննսիյանն ասել է, որ այս ընթացքում որևէ սպառնալիք երեխայի հարազատների կողմից չի եղել:
«Կոնֆլիկտ կամ արտառոց դեպք այս ընթացքում չի եղել, ամեն ինչ հանգիստ է», – ասել է նա:
Epress.am-ի հետ զրույցում գործի դատավարական ղեկավարումն ու գործի դատավարման նկատմամբ հսկողություն իրականացնող Վայոց Ձորի մարզի դատախազության դատախազ Գայանե Խաչիկյանը նշել է, որ քրեական գործի նախաքննության շահերի նկատառումներից ելնելով որևէ բան ասել չի կարող, որովհետև նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ` բժշկական սխալի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար, այնպես որ, մնում է սպասել փորձաքննության ավարտին:
«Բժշկուհին կալանքի տակ չէ, քանի որ բժշկական սխալի վերաբերյալ որևէ ապացույց չունենք, ամեն բան կիմանանք փորձաքննության եզրակացությունից հետո, որը պարզ կլինի մեկ-երկու ամսից: Սա այնպիսի առանձնահատուկ գործ է, ինչի մասին եզրակացություն կտա նախաքննական մարմինը` համապատասխան փորձագիտական եզրակացության պայմաններում», -նշել է Խաչիկյանը::
Հիշեցնենք, որ ծննդաբերող 20-ամյա Թորոսյան Արմինեին հարազատները օգոստոսի 14-ին բերել են ծննդատուն, սակայն աղջկան դիմեդրոլ ու անալգին են սրսկել և ուղարկել տուն, քանի որ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղված էր տանը բուրդ չփխելով:
Արդյունքում` երխան ծնվել է ուշացումով, և ծննդաբերության ժամանակ խնդիրներ են ծագել:
Այս առթիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով` «Բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»: