Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ընդառաջ` այսօր երթուղիներից հանվել է Կոտայքի մարզի բնակավայրերից` Գառնիից, Հրազդանից, Չարենցավանից, Աբովյանից, Նոր Հաճնից, Եղվարդից դեպի Երևան եկող տրանսպորտը: Աբովյանի ավտոկայանում Epress.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ վաղուց սպասում են տրանսպորտի, սակայն իմացան, որ այսօր տրանսպորտ դեպի Երևան չի աշխատելու, քանի որ հանրահավաք կա:
Դիսպետչերներից խնդրի վերաբերյալ որևէ պարզաբանում ստանալ չի հաջողվել, քանի որ բոլոր դռները փակ են եղել:
Եղվարդցիները տրանսպորտի բացակայությունը պատճառաբանում էին այսօրվա հանրահավաքով, քանի որ, նրանց խոսքով, սովորական օրերին նման խնդիր չի լինում:
«Էս տրանսպորտը, որ ամեն միտինգից առաջ հանում են, սա է մեր ղեկավարության պատկերը», – ասել Եղվարդի բնակիչներից մեկը:
Գառնիից դեպի Երևան ուղևորվող քաղաքացիներից մեկը Epress.am-ին տեղեկացրել է, որ ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են երկու միկրոավտոբուս և վարորդներին շատ կոպիտ ձևով արգելել են ուղևորվել Երևան:
Միկրոավտուբուսներից մեկում եղել է Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի հորաքույրը, ով Գառնիից ուղևորվելիս է եղել Երևան, որպեսզի գնա եղբորորդու գերզմանին: Երբ ոստիկաններն իմացել են, թե ով է և ինչի համար է գնում Երևան, կնոջն առաջարկել են իրենց մեքենայով տեղափոխել, սակայն նա չի համաձայնել և պահանջել է, որպեսզի իրեն հնարավորություն տան ճանապարհը շարունակել գազելով: Ոստիկաններն այդ մեկ երթուղայինին թույլատրել են շարժվել դեպի Երևան: Իսկ մյուս գազելի վարորդին, ով ևս ընդդիմացել է, ոստիկանները, ականատեսների պնդմամբ, ծեծ ի են ենթարկել, որից հետո երթուղայինում գտնվող մարդիկ փորձել են միջամտել: Ականատեսներից մեկի խոսքով` ոստիկանները վարորդի վրա բղավել են. «Չգիտե՞ս, որ քաղաք չպտի գնաս, մենք ձեր գյուղապետին զգուշացրել ենք»:
Բացի այդ, ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը, Եղվարդում իրենց երթուղայինը ևս կանգնեցվել է ճանապարհային ոստիկանների կողմից: Վերջիններս պահանջել են վարորդի փաստաթղթերը, սակայն գազելում գտնվող մարդկանց միջամտությունից հետո երթուղայինը շարժվել է դեպի Երևան, սակայն այլ ճանապարհով, քանի որ ոստիկաններն արգելել են շարունակել ճանապարհը Եղվարդի միջով: