Ամուսնու ծեծի հետևանքով հիվանդանոցում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դուստրը՝ Լիլիա Սարկիսովան, ով մոր մահվանից հետո գտնվում էր Նորքի «Մանկան տանը», տեղափոխվել է տուն: Այժմ նա բնակվում է տատիկի ու պապիկի հետ՝ Աջափնյակ վարչական շրջանի բնակարանում: Հաճախում է նույն վարչական շրջանի թիվ 36 մանկապարտեզ ու համարվում է լավագույն սաներից մեկը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ «Խնամակալության ու հոգաբարձության» հանձնաժողովի քարտուղար Հայկուհի Քյուփելյանը:
«Մասիսի քաղաքապետարանի որոշմամբ` դեպքից հետո Լիլիան տեղափոխվել էր Երևանի «Մանկան տուն»: Տատիկը` Լիլիա Սարկիսովան, հաճախ էր գնում փոքրիկին տեսակցության ու նաև ցանկություն էր հայտնել ստանձնել թոռնուհու խնամակալությունը: Երեխայի հայրը՝ Յանիս Սարկիսովը, կալանավայրից լիազորագիր էր ուղարկել՝ իրավասու մարմինների կնիքով, ըստ որի տատիկը պետք է ճանաչեր երեխայի հայրությունն ու դառնար նրա խնամակալը», – նշել է Հայկուհի Քյուփելյանը:
Նրա խոսքով՝ այդ ընթացքում Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ ճանաչված Հասմիկ Պետրոսյանը պատրաստվում էր խնամակալության վերցնել քրոջ դստերը:
«Պահանջված կարգի համաձայն` մենք դիմեցինք Մասիսի քաղաքապետարան, որպեսզի նրանք համապատասխան ուսումնասիրություններ իրականացնեն Լիլիա Սարկիսովայի բնակարանում ու ներկայացնեն համապատասխան եզրակացություն՝ համաձան որի տանը պետք է բավարար պայմաններ լինեն՝ փոքրիկին տեղափոխելու համար: Երկուստեք ուսումնասիրվեցին թե տատիկի, թե մորաքրոջ բնակարանները: Պարզվեց, որ տատիկի` Մասիս քաղաքում գտնվող տան պայմանները բավարար չեն, իսկ մորաքույրը հղի է և ամուսնու ընտանիքի հետ վարձակալությամբ բնակվում է Աբովյան քաղաքում: Որոշ ժամանակ անց տատիկը՝ Լիլիա Սարկիսովան, դիմում է ներկայացնում, ըստ որի ինքն ու իր ամուսինը երեխային տեղափոխելու են Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան փողոցում գտնվող իրենց բնակարանը»,- պատմել է Հայկուհի Քյուփելյանը:
Նշանակված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանային պայմանները նորմալ են, և երեխային կարող են տեղափոխել տուն:
«Մենք ոչ մի հիմք չունեինք տատիկին կասկածելու, պահանջեցինք բոլոր փաստաթղթերը, համոզվեցինք, որ ամեն ինչ կարգին է, և հաստատեցինք խնամակալությունը: Հուլիսից երեխան ապրում է տատիկի ու պապիկի հետ, հաճախում է մանկապարտեզ: Ամիսը մեկ անգամ պարտադիր կերպով զանգ եմ տալիս թիվ 36 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հայրապետյանին, տեղեկանում երեխայի մասին: Տնօրենի հավաստմամբ` Լիլիան շատ խնամված և կոկիկ է հագնվում, ընդունակ է ու խելացի երեխա է: Վերջերս հեռախոսազրույց եմ ունեցել նաև մանկապարտեզի բուժքույր Անահիտ Հարությունյանի հետ, ով նշեց, որ փոքրիկ Լիլիան գտնվում է ամբողջ կոլեկտիվի ուշադրության կենտրոնում», – նշել է Հայկուհի Քյուփելյանը:
Նրա խոսքով` երեխայի ճակատագրով պարբերաբար հետաքրքրվում են մի շարք ՀԿ-ներ:
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 1-ին 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու պարբերական դաժան ծեծի հետևանքով: Ամուսինը` Յանիս Սարկիսովը, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Զարուհի Պետրոսյանի հարազատների պնդմամբ` հանցագործությանը մասնակից էր նաև Զարուհու սկեսուրը: Դատարանը, սակայն, նրան մեղադրելու համար բավարար հիմքեր չգտավ: