Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ում երեկ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգքրսի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3 մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, չի կարող շփվել քննիչների հետ, քանի որ իրեն թարգմանիչ չեն տրամադրում: Այս մասին Epress.am-ին հայտնել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը: Կնոջ խոսքով` երեկվանից` Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո, Վադեվալեի մոտ չեն թողնում նաև փաստաբանին:
Գայանե Վարդանյանը նշել է, որ ամուսինը ճնշման և սրտի հետ կապված խնդիրներ ունի, և նրան դեղեր են անհրաժեշտ, սակայն քննիչները թույլ չեն տալիս փոխանցել դրանք` պատճառաբանելով, թե տեղյակ չեն դեղերի բաղադրությունից. բժիշկ տրամադրել հրաժարվում են:
Հիշեցնենք, որ Վադեվալեն ձերբակալվել էր երեկ կեսօրին:
Epress.am-ի հետ զրույցում Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը, ով Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է, երեկ ներկայացրել էր տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Նրա խոսքով` այսօր իրենց զանգահարել է իր դստեր համադասարանցիներից մեկի ծնողը և տեղեկացրել, որ դպրոցում (աղջիկը սովորում է թիվ 94 դպրոցում) ջեռուցման համար 3000-ական դրամ գումար են հավաքում:
Ամուսինները գնացել են դպրոց` պարզելու, թե ինչու պետք է ջեռուցման համար գումար վճարեն:
Վարդանյանի փոխացմամբ` ջեռուցման խնդրի վերաբերյալ փոխտնօրենի ու մի քանի ուսուցիչների միջև լեզվակռիվ սկսվեց, և այդ պահին, տիկին Գայանեի պնդմամբ, ամուսինը պատահաբար կպավ պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարին, որն ընկավ պատից, և ապակին կոտրվեց:
«Նրանք սպառնացին, որ ոստիկանություն կկանչեն: Երբ մենք եկանք տուն, մեր հետևից եկան մոտ 15 ոստիկաններ: Այնուհետև մեզ երկուսիս տարան ոստիկանության բաժին: Ինձ 5-6 ժամ պահելուց հետո բաց թողեցին, իսկ ամուսնուս բաց չեն թողնում: Քննիչն ինձ ասաց, որ նա ձերբակալված է: Նրա մոտ չեն թողնում նաև թարգմանիչ մտնի, որպեսզի ամուսինս հասկանա, թե իրեն ինչի համար են պահում ոստիկանությունում»,- ասել էր Գայանե Վարդանյանը: