Երեքշաբթի Բրյուսելում կայացած թուրք և եվրոպացի խորհրդարանականների հանդիպումը լի է եղել սկանդալային իրադարձություններով, գրում է թուրքական Todays Zaman-ը: Պարբերականի փոխանցմամբ` դանիացի պատգամավոր Բարի Մադլեները քննադատել է իսլամն ու Թուրքիան, իսկ այնուհետև փորձել է թուրք նախարարին նվիրել Թուրքիայում քրեական բովանդակություն ունեցող ճանաչված ծաղրանկարը:
Բարի Մադլեներ
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Ազատության համար» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Մադլեները Եվրամիության և Թուրքիայի միացյալ խորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի պատկանում Եվրոպային, քանի որ այն «հետամնաց իսլամիստական գաղափարախոսություն» ունի, որը չի համապատասխանում եվրոպական արժեքներին: «Իսլամն ու ազատությունները չեն կարող համագոյակցել»,-ասել է Մադլեները` միաժամանակ քննադատելով Թուրքիայում մամուլի ազատության և ինտերնետի սահմանափակումը, ինչպես նաև կանանց և միասեռականների հանդեպ կիրառվող բռնությունները: Նա ընդգծել է այն փաստը, որ Թուրքիայում անգամ ծաղրանկարիչներին են դատարանի առջև կանգնեցնում, և շարժվելով դեպի Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը` նրան է նվիրել թուրք ծաղրանկարիչի աշխատանքը` որպես «պարգև»:
Նշենք, որ այդ ծաղրանկարը հրապարակվել է թուրքական երգիծական «Պինգվին» ամսագրում: Այն պատկերում է դատարանում գտնվող ծաղրանկարիչ Բահադիր Բարութերը դատախազի հետ, ով սեպտեմբերին մեղադրել էր նրան «կրոնական արժեքները վիրավորելու մեջ»` պահանջելով մեկ տարվա ազատազրկման դատապարտել ծաղրանկարչին:
Բահադիր Բարութեր
Ծաղրանկարչին քրեական հետապնդման ենթարկելու պատճառ դարձած նկարում պատկերված է եղել մզկիթում աղոթող իմամ և մի խումբ հավատացյալներ, միաժամանակ ներկայացվում էր տեսարան, որտեղ հավատացյալներից մեկը բջջային հեռախոսով Աստծո հետ է զրուցում և խնդրում նրան թույլ տալ լքել աղոթքի վերջին հատվածը, շտապ գործերի պատճառով: Ծաղրանկարում մզկիթի պատերին գրված են եղել «Ալլահ գոյություն չունի» և «կրոնը կեղծիք է» արտահայտությունները:
Երբ Մադլեները փորձել է ծաղրանկարի պատճենը նվիրել Բաղիշին, թուրք պատգամավոր Ակիֆ Դեմիրկիրան, ով նախագահում էր հանդիպումը, վերցրել է ծաղրանկարը, իսկ այդ պահին Բաղիշը հանկարծ բղավել է «Մի արեք դա»:
Բաղիշը այնուհետև ասել է Մադլեներին. «Ես տանը բավականաչափ ծաղրանկարներ ունեմ: Մտցրեք այն ձեր համապատասխան տեղը»:
Էգեմեն Բաղիշ
Եվրամիության հանձնաժողովի անդամները փորձել են հանգստացնել վրդովված Բաղիշին, իսկ Թուրքական միացյալ խորհրդարանական հանձնաժողովը բողոքել է Մադլեների դեմ` մեղադրելով նրան սադրանքի մեջ:
Ավելի ուշ Բաղիշը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հոգեբանական բուժում ապահովել Մադլեներիի համար` վստահեցնելով, որ «այս գագաթաժողովին ոմանք ռասիզմ կոչվող հիվանդությամբ են տառապում»: