Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ հրապարակում, անցորդների վրա կրակած հանցագործը սպանվել է ոստիկանական ուժերի կողմից, հաղորդում է hurriyetdailynews.com-ը:
Միջադեպի վկաները հայտնում են, որ հանցագործը զենքով սպառնացել է ծառայության մեջ գտնվող զինվորին և խլել նրանից G3 զինվորական հրացանը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն` հանցագործը սիրիացի է:
Նրա գործողությունների հետևանքով զինվորը և մեկ զբոսաշրջիկ վիրավորվել են:
Անվտանգության ուժերը այս պահին շրջափակել են հրապարակը և հեռացրել այնտեղից անցորդներին: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, բախումները դեռևս շարունակվում են Թոփկապի պալատի ներսում: Ենթադրվում է, որ հանցագործը հանցակիցներ ունի:
Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն պարբերականի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ հանցագործի գործողությունների դրդապատճառը բացառապես անձնական բնույթի է և կտրականապես մերժել է որևէ տեղեկություն հաղորդել նրա ազգային պատկանելության վերաբերյալ:
CNN Turk հեռուստաալիքը հրապարակել է հանցագործի նկարը: