Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Ռուսաստանում բողոքում են անարդար ընտրությունների դեմ. հարյուրավոր մարդկանց ձերբակալել են

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Ռուսաստանում բողոքում են անարդար ընտրությունների դեմ. հարյուրավոր մարդկանց ձերբակալել են

Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են սկսվել «ընդդեմ անարդար ընտրությունների»: Բողոքի ակցիաների հետևանքով բազմաթիվ ձերբակալվածներ կան: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում, համաձայն պաշտոնական տվյալների, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել էր ձայների մոտ 50 տոկոսը, սակայն ընտրությունների ընթացքում հարյուրավոր իրավախախտումներ և լցոնումների դեպքեր էին գրանցվել:

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմունիստական կուսակցությունը հրավիրել էր իր համակիրներին Նովոպուշկինսկի հրապարակ, այդ հանրահավաքն իան արտոնված է եղել: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ակցիային մասնակցել են մոտ 400 քաղաքացիներ:

Newsru.com-ը նշում է, որ ոստիկանության տվյալներով, ևս 2000 քաղաքացիներ մասնակցել են «Սոլիդարնոստ» շարժման հանրահավաքին: Այս ակցիան նույնպես արտոնվել էր Մոսկվայի իշխանությունների կողմից: Սակայն բազմաթիվ ոչ պաշտոնական գնահատականներով ընդդիմադիրները շատ ավելի մեծ թիվ էին կազմում: Սկզբում ոստիկանության աշխատակիցները նրանց չեն խոչընդոտել, սակայն ավելի ուշ հատուկ ծառայությունների աշխատակիցները սկսել են ընտրողաբար բռնել մարդկանց ամբոխից և ձերբակալել: Այս գործողությունների հետևանքով նաև բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ուժայինների միջև:

Մինչ 22:30-ը ձերբակալվել էին ավելի քան 300 քաղաքացիներ, այդ թվում` ընդդիմադիր Իլյա Յաշինը և հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որոնք ակտիվորեն անհնազանդության դրսևորման կոչեր էին անում ոստիկանության աշխատակիցներին:

Newsru.com-ի գնահատմամբ,  ավելի շատ տուժել են Սանկտ Պետերբուրգի ընդդիմադիրները: Նրանց ակցիան արտոնված չի եղել, արդյունքում զանգվածային ձերբակալությունները սկսվել են հենց սկզբից:

Կայքի փոխանցմամբ` պետերբուրգյան ընդդիմադիրները վանկարկում էին  «մենք արդար ընտրությունների կողմն ենք», իսկ ցանկացած ձերբակալություն ուղեկցվում էր կազմակերպված սուլոցով:

21:00-ին Պետերբուրգի ակցիան դադարեցվել է: Այն տևել է մոտ մեկ ժամ, ոստիկանությունը ձերբակալել է 120 քաղաքացիների:

Լուսանկարները` Կոնստանտին Ռուբախին