Home / Հայաստան / Օրենքը չեն կարդացել, ուղղակի սեղմել են կոճակները. բնապահպանները դժգոհ են

Օրենքը չեն կարդացել, ուղղակի սեղմել են կոճակները. բնապահպանները դժգոհ են

Հայաստանի Հանրապետությունում բոլոր օրենքները շատ լավն են, պարզապես որևէ մեկը չի գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպաններ Արման Վերմիշյանը, Լևոն Գալստյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը:

«Մենք պետք է մեր աչքերով տեսնենք, այլապես  հավատալ կամ վստահել դրան չենք կարող», – ասել է Մերի Խաչատրյանը:

Թռչկանցիները դժգոհել են Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության  մասին» օրենքից:

«Ազգային Ժողովը դեկտեմբերի 2-ին լսումներ էր հրավիրել, սակայն չի սպասել լիազորված մարմնի կատարած փոփոխություններին: Մենք համոզված ենք, որ ԱԺ-ի մեծ մասը չի կարդացել այդ օրենքը. առանց քննարկման ուղղակի սեղմել են կոճակները: Այսպիսի անտարբերությունն արդեն անվստահության մթնոլորտ է ձևավորել և, հաշվի առնելով մեկ անգամ խաբված լինելու հանգամանքը, երկրորդ անգամ խաբված լինել չենք ուզում: Այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները որոշել են քանդել, ամբողջությամբ դատարկել և ուտել Հայաստանի ողջ ընդերքի պարունակությունը, – նշել է Արման Վերմիշյանը:

Նրա խոսքով՝ օրենքը  չի ծառայում բնապահպանական փորձաքննությանը, մինչդեռ այն որոշիչ է լինելու Հայաստանի բնության հետագա վիճակի համար:

Լևոն Գալստյանի համոզմամբ՝  դեկտեմբերի 2-ին ընդունված օրենքում առկա են մի շարք թերություններ, հետևավաբար այն ենթակա է փոփոխությունների: Սրանով է պայմանավորված իրենց կողմից առաջարկություններով հանդես չգալու հանգամանքը:

Թեև հանդիմանը հրավիրված էին միայն «Թռչկան» նախաձեռնության անդամները, սեփական կամքով ներկայացել էին նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչները:

Նրանք հավաստիացրել են, որ «Շրջակա միջավայրի  վրա ազդեցության փորձաքննության  մասին» օրենքը օդի ու ջրի պես անհրաժեշտ  է Հայաստանին, և մեղադրել են թռչկանցիներին առաջարկություններով հանդես չգալու  կամ դրանք ուշ ներկայացնելու համար:

Նրանք վստահեցրել են, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսել և ընդունել ցանկացած առաջարկություն, այլ բան է, թե  դրա հետ ինչպես կվարվեն Ազգային Ժողովում:

«Թռչկան» նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ նախագահին, սակայն որևէ արձագանք, առավել ևս հանդիպում չի կայացել: Նրանք գտնում են, որ  այս հարցը պետք է լուծվի նախագահի անմիջական հսկողությամբ, այլապես օրենքն ընդունելը բավարար չէ, այն կիրառել ու կատարել է պետք: