Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ռուսաստանյան խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցած ընդդիմադիրներ Իլյա Յաշինին և Ալեքսեյ Նավալնիին խղճի գերիներ է ճանաչել: Նշենք, որ վերջիններս այս պահին ձերբակալված են:
Fitch վարկանշային կազմակերպությունը հայտարարել է Ռուսաստանում քաղաքական ռիսկերի և ներկայիս քաղաքական համակարգի նկատմամբ բնակչության շրջանում հիասթափության աճի մասին: Այս մասին է վկայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության և դրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի աջակիցների թվի նվազումը:
Fitch գործակալությունը ընդգծել է նաև նախագահական ընտրություններին ընդառաջ բարձր քաղաքական ռիսկերի հավանականությունը: Փորձագետները Ռուսաստանին եգիպտական սցենար են կանխատեսում և ընտրված Պետդուման ոչ լեգիտիմ են համարում: Մոսկվա ներքին զորքեր են մտցվել:
Բողոքի ակցիան ցրելուն ուղղված գործողությունների ականատեսները և ԶԼՄ-ները միաբերան նշում են, որ ոստիկանությունը շատ կոշտ էր գործում, իսկ ձերբակալվածները պատմում են ծեծի ենթարկվելու մասին: Լրագրողներից մեկին, օրինակ, ոստիկանը ոտքերով կոխկռտել է, ակցիայի մասնակցի ձեռքն են կոտրել, իսկ չհնազանդվող ընդդիմադիրներին «դեմքով ասֆալտին էին խփում»:
«Գրգռվածություն է սկսել ցույց տալ միջին դասը, իսկ դա տագնապի ազդանշան է իշխանությունների համար»,- վստահ է քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մակարկինը: Նրա խոսքով` այս ընտրություններում շատերը կամ երես են թեքել «Եդինայա Ռոսիայից», կամ առաջին անգամ եկել էին ընտրությունների` զգալով, որ իրենք ի վիճակի են ինչ-որ բան անել:
«Նրանցից շատերն անհարմար դրության մեջ են այն կապակցությամբ, որ լուրջ հեռանկարներ չեն տեսնում և ցանկանում են «պատժել» «ԵՌ»-ին»: Փորձագետի խոսքով` անկայունության վտանգը կխորանա նախագահական ընտրություններից հետո, քանի որ կառավարությունը ստիպված կլինի տնտեսական միջոցառումներ ձեռնարկել. «Միջին դասի աջակցությունը արդեն չի վերադառնա «Եդինայա Ռոսիայի» կողմը, «պուտինյան մեծամասնությունը» շերտավորվում է»: Դեկտեմբերի 4-ին ընտրված Դուման թույլ լեգիտիմություն ունի մարդկանց աչքերում, եզրակացնում է Ալեքսեյ Մակարկինը: