Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին բանտ են տեղափոխել, որտեղ նա 7 տարի կանցկացնի սեռական բնույթի հանցագործությունների, այդ թվում` բռնաբարության համար, հայտնում է Associated Press-ը:
Կացավի վերջին բողոքարկումը մերժվել է երկրի Գերագույն դատարանի կողմից նոյեմբերի 10-ին: Նախկին նախագահը անգամ ձերբակալությունից առաջ հայտարարել է, որ պետությունը «անմեղ մարդու է պատժում»:
Ինչպես ակնկալվում է, ամբաստանյալը կալանքի առաջին շրջանը կանցկացնի ինքնասպանության հակվածների համար նախատեսված բանտախցում: Ավելի ուշ նրան կտեղափոխեն սովորական խուց:
Հիշեցնենք, որ Թել-Ավիվի դատարանը մեղավոր էր ճանաչել Կացավին նրանում, որ 1990-ականներին` դեռևս նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, երկու անգամ բռնաբարել էր իր վարչակազմի աշխատակցուհիներին, իսկ նախագահի պաշտոնին եղած տարիներին սեռական ոտնձգություններ է կատարել այլ կանանց նկատմամբ:
Նշենք նաև, որ 2006-ի հոկտեմբերին Կացավին ծաղրական տոնով «աջակցել է» ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` այն ժամանակ ՌԴ նախագահ: Հանդիպելով այդ տարիներին Իսրայելի կառավարության ղեկավար Էհուդ Օլմերտի հետ` նա բացականչել է. «Ողջունեք ձեր նախագահին: Պարզվում է ուժեղ տղամարդ է: 10 կին է բռնաբարել: Չէի սպասում նրանից: Նա մեզ բոլորիս զարմացրեց: Մենք բոլորս նրան նախանձում ենք»: Օլմերտը, ի պատասխան Պուտինի բացականչության, ասել է. «Պետք չէ նախանձել Կացավին»: