Իշխանական բուրգում կատարվող hայտնի ու հնչեղ վերադասավորումներն ընդամենը մի նպատակ ունեն` ամրապնդել գործող բռնապետի դիրքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Փորձում են ներկայացնել, որ գոյություն ունի պայքար, իբրև ԲՀԿ-ն հակադրված է ՀՀԿ-ին: Այս դերասանությունը, դժբախտաբար, մենք պարբերաբար տեսնում ենք ընտրությունից` ընտրություն: Այս անգամ մեր ժողովուրդը ևս ստիպված է այդ ամբողջ թատրոնին ականատես լինել: Այս հակասություններն ամբողջությամբ կեղծ են, վերևներում ամեն ինչ կանխորոշված է», – ասել է Սեֆիլյանը:
Նա խորհուրդ է տվել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի շարքային անդամներին շատ լուրջ չվերաբերվել այդ «սուտ պայքարին» և փորձել հնարավորինս դուրս լինել լարված իրավիճակից ու «ինչ-որ օլիգարխների ձեռքին խաղալիք չդառնալ»:
Սեֆիլյանը հիշեցրել է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հակամարտող կուսակցությունների շտաբների առջև պայթյուններ են եղել, և չի բացառվում, որ նույնանման դեպքերն այս ընտրություններից առաջ ևս կրկնվեն, ինչը կազմակերպված կլինի գործող ռեժիմի կողմից:
Խոսելով «Սարդարապատ» շարժման անունից` Սեֆիլյանը նշել է, որ իրենք չեն մասնակցելու 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն, ներկա իշխանությունների հանցակիցը կդառնան:
Բանախոսը նշել է, որ գալիք ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են.
«Մեր երկիրը օկուպացված է մի խումբ մարդկանց կողմից, և օկուպացիոն ռեժիմում ընտրություն ակնկալելը անընդունելի է, մարդիկ մասնակցում են ընտրություններին, բայց քվեներ հաշվողները գողեր և ավազակներ են, չկա անկախ դատարան և այս պայմաններում «Սարդարապատը» չի ակնկալում, որ հնարվոր են նորմալ ընտրություններ»:
Բանախոսի կարծիքով` ընտրությունները մեկ ռեժիսոր են ունենալու, և տվյալ դեպքում դա լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սեֆիլյանն իր շարժման անունից նաև առաջարկել է «ձևավորել այդ ճահիճից դուրս նոր դաշտ, ազնիվ դաշտ և այդ դաշտում ձևավորել այլընտրանքային իշխանություն` բառիս բուն իմաստով»: