12.33 Արմեն Օհանյանին բաց են թողել: Epress.am-ի հետ զրույցում ակտիվիստն ասել է, որ իրեն ԱԱԾ վարչություն են հրավիրել պարզաբանումների համար: «Հրավիրելու» ձևը, Օհանյանի խոսքով, շատ կասկածելի էր, քանի որ իր հետևից եկել են տուն` առանց ծանուցագիր ներկայացնելու: Արմեն Օհանյանի փոխանցմամբ` քննչական գործողություն չի իրականացվել, և այսօր ժամը 16.00-ին ինքը փաստաբանի հետ պետք է կրկին ներկայանա ԱԱԾ:
11.31 Այսօր վաղ առավոտյան իր տանից 6-րդ վարչության (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն) աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ակտիվիստ, «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Օհանյանը: Մեր տեղեկություններով, ներկա պահին նա գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում:
Բերման ենթարկելու պատճառներն առայժմ հայտնի չեն: Այս պահին Օհանյանի մոտ է գտնվում փաստաբան Կոլյա Բաղդասարյանը:
Նշենք, որ Օհանյանը մշտապես մասնակցում է ՀՀ կառավարության շենքի մոտ հայկական բանակում զոհված զինվորների ծնողների ակցիաներին: Օհանյանն աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում: