ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան պետք է ապաշխարի Հայոց Ցեղասպանությունն իրագործելու համար: Այս մասին նա հայտարարել է երեկ երեկոյան Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ: Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:
Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: