Նախօրեին Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպան և իրավաբան Ինթիգամ Ալիևը բռնության է ենթարկվել թուրքական ոստիկանության կողմից:
Օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնում թուրք պաշտոնյան Ալիևի անձնագրում կնիք դնելուց հետո անփութորեն նետել է այն սեղանին և բղավել Ալիևի վրա, որպեսզի նա հնարավորին չափ արագ վերցնի անձնագիրը:
Contact.az-ի հավաստմամբ` Ալիևը կոչ է արել պաշտոնյաներին ավելի հարգալից լինել: Դրանից հետո նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Տեղ ժամանած ոստիկանները սկսել են ճնշում գործադրել Ալիևի վրա և ծեծել են նրան: Այդ ժամանակ իրավապաշտպանը հանդիպում է պահանջել օդանավակայանի ոստիկանապետի հետ, սակայն վերջինս նույնպես կոպտել է Ալիևին:
Դրանից հետո նրան տեղափոխել են օդանավակայանի նկուղ, որտեղ իրավապաշտպանը նույնպես բռնության է ենթարկվել և 4 ժամ փակի տակ մնացել`չստանալով փաստաբանի հետ հանդիպելու կամ բողոք գրելու հնարավորություն:
Ալիևին հաղորդել են, որ նա արտաքսվելու է և որ իր հանդեպ քրեական գործ է հարուցվել ոստիկաններին վիրավորանք հասցնելու համար: Արտաքսումը նշանակում է, որ նա մի քանի տարի չի կարողանա Թուրքիա այցելել: Իրավապաշտպանը նաև հաղորդել է, որ իր ազատ արձակմամբ պարտական է միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, Freedom House-ին:
«Ոստիկանները ճնշում էին գործադրում, որպեսզի ես չբողոքեմ: Նրանցից մեկը սպառնաց, որ եթե չլռեմ, ավելի շատ խնդիրներ կունենամ»,- պատմել է Ալիևը:
Նրա փաստաբանը հաղորդել է, որ փաստի առնչությամբ բողոք է ներկայացվելու թուրքական դատարան:
Contact.az-ը նշում է, որ Ինթիգամ Ալիևը հանդիսանում է Ադրբեջանի ժողովրդավարության սկբունքային ջատագովներից մեկը, որի համար բազմիցս ճնշման է ենթարկվել իշխանությունների կողմից: