Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին` Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյաններին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության մեջ:
Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ:
Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Գագիկ Պողոսյանը հարցրել է, թե արդյոք կողմերն ունեն բացարկի միջնորդություններ, որին ի պատասխան Տիգրան Առաքելյանն ասել է, որ քանի որ իր փաստաբանը ներկա չէ, ինքը չի կարող պատասխանել այդ հարցին:
Դատավորը հարցրել է Առաքելյանին, թե արդյոք Ստեփան Ոսկանյանը չէ բոլոր չորս երիտասարդների փաստաբանը: Հարցին պատասխանել է Ոսկանյանը` նշելով, որ նախաքննության ընթացքում ինքն է զբաղվել բոլորի գործերով, բայց այժմ Վահե Գրիգորյանը նույնպես ներգրավված է գործում` որպես փաստաբան: Առաքելյանն էլ հավելել է, որ Գրիգորյանն արդեն երկու ամիս է, ինչ ներգրավված է որպես փաստաբան և նախաքննության ընթացքում նրա անունը ներկայացված է եղել փաստաթղթերում:
Դատավորն ընդմիջում է հայտարարել է դատական նիստի մասին Վահե Գրիգորյանին տեղեկացնելու համար, սակայն նրա հետ հնարավոր չի եղել կապ հաստատել:
Այդ պատճառով դատավորը դատական նիստը հետաձգել է և նշանակել է դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին:
Դատական նիստի ընթացքում դատարանի բակում հավաքվել էին Կոնգրեսի ակտիվիստները` Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատելու պահանջ պարունակող պաստառներով: