«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է այն փաստը, որ իրեն որպես ընդդիմություն ներկայացնող ՀՅԴ-ն երեքշաբթի կայացած ԱԺ խոսնակի ընտրությունների ժամանակ քվեարկել է Հանրապետական կուսակցության թեկնածուի և ոչ թե «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգտին:
Մարտիրոսյանի խոսքով` դա ՀՅԴ-ի համոզմունքն է ու քաղաքական կամքը, և ինքը ոչինչ անել չի կարող:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին իր ձայնն էր տվել 102 պատգամավոր, իսկ «Ժառանգության» կողմից ներկայացված թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին էին քվեարկել իր կուսակցության 4 պատգամավորները:
Լարիսա Ալավերդյանն այդ առնչությամբ նշել է, որ ինքը խնդիր չունի մեկնաբանել ՀՅԴ-ի պահվածքը:
Պատգամավորի խոսքով` Նիկոյանի օգտին քվեարկության փաստը որևէ կերպ չի ազդի «Ժառանգության» և Դաշնակցության հարաբերությունների վրա, երբ կլինի քաղաքական կամ հասարակական խնդիրների համար պայքար:
Այդ խնդիրներից մեկն էլ ՀՅԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու մասին նախագիծն է, որին, ինչպես նշել է Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգությունը» կողմ է լինելու: