Գործարար Սիլվա Համբարձումյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ մինչև դեկտեմբերի 15-ը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 102 միլիոն դրամի պարտքը կփոխանցի իր հաշվին:
Գործարարը ասել է նաև, որ այդ լուրն իրեն հայտնել է ոչ թե անձամբ մարզպետն, այլ մի քանի միջնորդներ: Նրանք հաղորդել են Համբարձումյանին, որ երբ նա ստուգի իր հաշիվն ու համոզվի, որ գումարն արդեն տեղում է, պիտի այդ մասին ասի նրանց, որից հետո մարզպետը կգնա և ներողություն կխնդրի իրենից:
Համբարձումյանը չի նշել միջնորդների անունները` խոստանալով հրապարակել նաև այդ տեղեկությունը դեկտեմբերի 15-ից հետո, եթե գումարը չփոխանցվի իր հաշվին:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Լիճվազք-Թեյի հանքից 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել, որից հետո նոյեմբերի 14-ին, Համբարձումյանի պնդմամբ, մարզպետը հարձակվել է իր վրա «Մարիոթ» հյուրանոցի մոտ և իրեն հարվածներ հասցրել: