Home / Հայաստան / Երևանյան ակցիայի մասնակիցները նամակ են ուղարկել ՌԴ դեսպանատուն (ՖՈՏՈՇԱՐՔ)

Երևանյան ակցիայի մասնակիցները նամակ են ուղարկել ՌԴ դեսպանատուն (ՖՈՏՈՇԱՐՔ)

14:40 Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ ՌԴ դեսպանատան էլկտրոնային փոստին նամակ են ուղարկել` պահանջելով ազատ արձակել ռուսաստանցի քաղբանտարկյալներին:

12:49 Ակցիային մասնակցող իրավապաշտպան Արթուր Սաքունցը Epress.am-ի հետ զրույցում ոստիկանների գործողությունները որակել է որպես ակնհայտ ապօրինություն: Նրա խոսքով` ոստիկանության գործելաոճը չի տարբերվում նրանից, թե ինչպես էինք իրենք գործում Հայաստանում ընտրություններից հետո անցկացված տարբեր ակցիաների ժամանակ:

Սաքունցի խոսքով` ամենակոպիտ խախտումն այն է, որ ոստիկանությունը չի ցանկանում բացատրություն տալ իր գործողություններին «այսպես ենք որոշել, և վերջ» սկզբունքով:

Ըստ Սաքունցի` սա առաջին դեպքը չէ, որ նույն լեյտենանտ Հայկազ Ջոմարդյանը նման ապօրինություններ է գործում;

«Մեկ անգամ մենք արդեն հաղորդագրություն ենք ուղարկել Հատուկ քննչական ծառայություն նրա գործողությունների վերաբերյալ, բայց մինչ այժմ ոչ մի ընթացք չի տրվել», – ասել է իրավապաշտպանը:

Նշենք, որ թեև ակտիվիստների հետ շփվում էին ոստիկանության ներկայացուցիչներից փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը և Հայկազ Ջոմարդյանը, ոստիկանական գործողությունները ղեկավարում էր Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով կանգնած էր անմիջապես ՌԴ դեսպանատան մուտքի դիմաց կայանած ոստիկանական մեքենայի մոտ:

12:30 Ակտիվիստները` ոստիկանների ուղեկցությամբ, անցել են ՌԴ դեսպանատան դիմացի մայթ և բացել են պաստառները հետևյալ գրությունները` «Свободу Егору Саргсяну, Илье Яшину, Алексею Навальному», «Пошлите Чурова в армянский ЦИК, его научат волшебству в миг», «Спасибо Единой партии России, двуглавым вождям народа лично, выборы вы провели привычно, свободу мочите в сортире отлично» («Ազատություն Եգոր Սարգսյանին, Իլյա Յաշինին, Ալեքսեյ Նավալնիին», «Չուրովին հայկական ԿԸՀ ուղարկեք, նրան ակնթարթում կախարդանք կսովորեցնեն», «Շնորհակալ ենք Ռուսաստանի միասնական կուսակցությանը, ազգի երկգլուխ առաջնորդներին անձամբ, ընտրությունները սովորույթի համաձայն անցկացրեցիք, զուգարանում հիանալի կերպով ազատություն վերացրեցիք»):

Ատիվիստները մասնակիցներին բաժանել են սպիտակ թևկապներ` ի նշան համերաշխության ռուսաստանյան ընդդիմությանը, որն այսօր սպիտակ թևկապներով է դուրս գալու փողոց:

12:20 Հավաքված ակտիվիստներին մոտեցել է լեյտենանտ Հայկազ  Ջոմարդյանը և նշել, որ ինքն անձամբ հրաման է տվել ոստիկաններին թույլ չտալ մոտենալ դեսպանատանը, քանի որ ակցիան կարող է խանգարել դեսպանատան բնականոն աշխատանքին:

Ակտիվիստների պնդմանը, թե հրամանն ապօրինի է, Ջոմարդյաննը պատասխանել է. «Վերջ, եկեք չշարունակենք: Ես այս հրամանը տվել եմ, և այստեղից ոչ-ոք չի անցնելու»:

Այս պահին ակտիվիստների և ոստիկանության ներկայացոեւցիչների բանակցությունները շարունակվում են: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորում են անցնել դիմացի մայթ, մինչդեռ ակտիվիստները փորձում են իրավունք ստանալ ակցիան անցկացնել ՌԴ դեսպանատան մոտ:

12:04 Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի մեկնարկից 10 րոպե առաջ դեսպանատան դիմացի մայթին հավաքվել էին լրագրողները, ինչպես նաև մի քանի ակտիվիստներ, որոնց խնդրեցին նախ ` չլուսանկարել ՌԴ դեսպանատան շենքը դիմացի մայթից, ապա` անցնել փողոցը և դեսպանատանը մոտենալ Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ակցիայի նպատակն է` պահանջել ռուսաստանյան ընդդիմության առաջնորդների և ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի և երթերի թույլատրում, ինչպես նաև ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում:

Երբ լրագրողները և ակտիվիստները անցան փողոցը և փորձեցին քաղաքապետարանի կողմից բարձրանալ դեպի դեսպանատուն, ոստիկանների մի խումբ նրանց կանգնեցրեց «Արդշինինվեստբանկի» շենքի մոտ` նշելով, որ ղեկավարությունը թույլ չի տալիս մոտենալ դեսպանատանը և որ հնարավորություն կտան դեսպանատանը մոտենալ այն ժամանակ, երբ ստանա համապատասխան թույլտվություն: