«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» նախաձեռնությունն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա էր անցկացրել ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով:
Ինչպես նախորդ շաբաթ տեղեկացրել էր hetq.am կայքը, Գևորգյանը 2009 թվականի վերջին ամուսնացել էր Դավիթ Զիրոյանի հետ և մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրում էր ամուսնու ընտանիքը: Այնտեղ աղջկան փակի տակ են պահել` 10 ամսվա ընթացքում դաժան խոշտանգումների ենթարկելով: Երբ Մարիամին հաջողվել էր վերադառնալ Հայաստան, նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, մեղադրանք է առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել համաներմամբ: Նշենք, որ Զիրոյանն ու իր մայրը դաժան խոշտանգումների են ենթարկել նաև առաջին կնոջը, ով ընտանիքում ապրել է 3 տարի` 2005-ից 2008-ը: Խոշտանգումների հետևանքով նա կորցրել է աչքերից մեկի տեսողությունը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այսօրվա ակցիայի մասնակիցների թվում էր նաև Մարիամ Գևորգյանը: Նա շատ քիչ շփվեց լրագրողների հետ` նշելով, որ այս դեպքի մասին ինքն արդեն ամեն ինչ հայտարարել է, և իր ցանկությունն է միայն, որ դրա մասին ավելի շատ մարդիկ իմանան, որպեսզի բացառվեն նման դեպքերը:
«Հասկացող մարդը հասկանում է: Անգամ ամենափողոցային վերջին աղջկա հետ նման կերպ վարվելու իրավունք ոչ ոք չունի: Մենք գնալու ենք բոլոր ատյաններով մինչև նրանք արդարացիորեն դատվեն», – ասել է Գևորգյանը:
Ակցիային մասնակցում էր նաև Գևորգյանի հայրը` Համազասպը, ով տեղեկացրել է, որ Դավիթ Զիրոյանի քեռին նույնիսկ գնացել է իրենց տուն և խնդրել է, որպեսզի չբողոքեն` խոստանալով, որ «ամեն ինչ լավ կլինի»:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը, ով ակցիայի կազմակերպիչների թվում էր, նշել է, որ իրենք ցանկանում են բարձրաձայնել նման դեպքերի մասին, որպեսզի հասարակությունը աչալուրջ լինի և հետագայում բացառի դրանք:
«Մենք ունենք հավաստի տվյալներ, որ քննիչը նաև ամուսնու ազգականներից է, ինչի արդյունքում էլ ամուսինը համաներում է ստացել: Այս գործը փակված գործ է և ոչ մեկը ուշադրություն չի դարձնում: Եվս մեկ անգամ ուզում ենք ասել մեր պետական կառույցներին` տեսեք, մենք ունենք ընտանեկան բռնության երկու զոհեր, և նրանք, ովքեր կիրառել են հանցանքը, անպատիժ են մնացել: Մեր ակցիայի նպատակն է, որ բոլոր մեղավորները պատժվեն», – ասել է Հասմիկ Գևորգյանը:
Ակցիայի մասնակիցները նաև ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ են հանձնել, որում նշված է, որ Դավիթ Զիրոյանն անձամբ հայտարարել է տուժողներից մեկին, որ մեծ գումար է ծախսել, որպեսզի նախաքննությունն իր և իր մոր օգտին ավարտվի:
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ նախաքննության մարմինը հաշվի չի առնում գործում առկա բազմաթիվ հանգամանքներ` կատարելով ոչ թե մեղադրողի, այլ պաշտպանության կողմի դերը:
Նախաձեռնությունը նշում է, որ ՀՀ դատախազությունը պարտավոր է առավելագույն զգոնությամբ վերահսկել նախաքննության ընթացքը կոռուպցիոն ռիսկը կանխելու և օրինականության սկզբունքը պահպանելու համար:
Ակտիվիստները նույն բովանադակությամբ նամակ են պատրաստվում ուղարկել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: