Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն «Aznavour Toujours» ձայնասկավառակի թողարկմանը նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակներում այսօր ելույթ կունենա Մոսկվայում:
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում Ազնավուրը պատմել է, որ թեև նոր երգերով է շրջագայում Եվրոպայում, Մոսկվայում կհնչեն նաև նրա հայտնի և սիրված հիթերը, քանի որ, երգչի խոսքով, ռուսաստանյան երկրպագուները սպասում են դրան:
Թեև 2007 թվականին Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ Ազնավուրը հայտարարել էր, որ դա իր վերջին ելույթն է, այդուհանդերձ, գործակալության հետ զրույցում 87-ամյա Ազնավուրը խոստովանել է, որ «դեռևս ամուր է կանգնած իր ոտքերի վրա»:
«Ռուս հանդիսատեսը մի փոքր նման է ամերիկյանին, դա այն հանդիսատեսն է, որը սիրում է նորը բացահայտել և որին ձգում է անհայտը: Ֆրանսիացիներից երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք գան չգովազդված ներկայացման, մինչդեռ ռուս ազգը բաց է նրանց հանդեպ, ովքեր այստեղ էեն ժամանում: Եթե նրանց դուր էր գալիս երգը, իսկ ձայնասկավառակը ձեռք բերելու հնարավորություն չկար, նրանք խնդրում էին կրկին կատարել երգը: Ես ժամանում էի 25 երգերով, սակայն ամեն երեկո մինչև 50 երգ էի կատարում, քանի որ որոշ երգեր ստիպված էի լինում երեք անգամ երգել»,- նախորդ համերգներից իր հիշողություններով է կիսվել Ազնավուրը:
Երգչի խոսքով` հակառակ ձևավորված կարծիքին` ժամանակակից հանդիսատեսը չի փոխվել:
«Ոչ թե հանդիսատեսն է փոխվել, այլ փոխվել է այն, թե ինչպես է մեդիան մատուցում նյութը: Հաճախ մեզ մատուցում են այն, ինչը կարևորություն չունի: Այսօր մենք հեռացել ենք մեր երկրների մշակույթից և շատ ենք կողմնորոշված դեպի ԱՄՆ»,- կարծում է երաժիշտը: