Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում քվեարկության է դրվելու 306 բանաձևը, որը վերաբերում է կրոնական ազատություններին: Բանաձևում Թուրքիային կոչ է արվում վերադարձնել «գողացված հայկական, հունական, ասորական և սիրիական եկեղեցիները իրենց օրինական սեփականատերերին»: Այս մասին ասված է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Կրոնական ազատություններին վերաբերող 306 բանաձևն ընդունվել է ընթացիկ տարվա հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Բանաձևը ներկայացնող կոնգրեսականներն էին Էդ Ռոյսը (Հանրապետական կուսակցություն) և Հովարդ Բերմանը (Դեմոկրատական կուսակցություն): Այսօր կոնգրեսականներին ներկայացվելիք բանաձևի տեքստը կունենա հանձնաժողովի մակարդակում ընդունված փաստաթղթի բովանդակությունը: Նշենք, որ հանձնաժողովում բանաձևն ընդունվել էր 43 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Բանաձևը ենթադրում է, որ Թուրքիան պետք է վերջ դնի բոլոր տեսակի կրոնական խտրականություններին, թույլ տա քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական սեփականատերերին կրոնական ծիսակատարություններ իրականացնել և սոցիալական ծառայություններ մատուցել: Բանաձևի ընդունման դեպքում ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անելու նաև օրինական տերերին վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը` վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, սրբավայրերը և կրոնական այլ գույքը, ինչպես նաև թույլ տա քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական սեփականատերերին վերանորոգել Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը։