Անկարան նախազգուշացրել է Փարիզին այն «անդառնալի կորուստների» մասին, որոնք կարող են հետևել հաջորդ շաբաթ ֆրանսիական խորհրդարանում քննարկվելիք 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրենքի ընդունմանը:
«Ներկայումս Թուրքիան աշխատանքներ է տանում ֆրանսիական պաշտոնատար անձանց հետ»,- Today’s Zaman-ի հետ զրույցում հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները`վկայակոչելով Անկարայի հայտարարություններն առ այն, որ Ֆրանսիան չպետք է քաղաքականացնի ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի համար ցավոտ թեմա համարվող հարցը:
«Ֆրանսիական վարչակազմը քաջատեղյակ է, թե որքան ցավոտ խնդիր է սա մեր երկրի համար: Մենք հույս ունենք, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվի, որը կարող է անդառնալի կորուստներ բերել հատկապես այն ժամանակահատվածում, երբ Ֆրանսիան և Թուրքիան թևակոխել են հարաբերությունների կայուն փուլ, երբ հնարավորություն կա մեծացնելու համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մակարդակներում», – ասված է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որում Անկարան ևս մեկ անգամ ընդգծում է, որ Հայոց Ցեղասպանության հարցի քննումը Ֆրանսիայի կողմից ընդամենը ընտրություններին ընդառաջ արվող քայլ է:
Նշենք, որ 2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը հայկական ծագում ունեցող 400 ֆրանսիացիների առջև խոստացել է խնդրել Ֆրանսիական Սենատի նոր ձախական մեծամասնությանը «կրկին ընդունել Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական հետապնդման ենթարկելու մասին օրինագիծը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանության փաստը, որից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվել են: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Վերին պալատը, սակայն, չէր հաստատել տվյալ օրինագիծը: