ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Նախաքննությունը պարզել է, որ տևական ժամանակ Սուրիկ Խաչատրյանի և Սիլվա Համբարձումյանի միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ:
««Արմենիա-Մարիոթ» սրճարանում նրանց միջև 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Սիլվա Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել և կցվել է քրեական գործին:
Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրիկ Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար», – նշված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը եկել է այն եզրակացության, որ մարզպետի արարքն իր մեջ չի պարունակում ծեծի հատկանիշներ՝ իր «եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»:
Ըստ այդմ, 2011թ.դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սիլվա Համբարձումյանը «Հայկական ժամանակ» օարթերթի հետ զրույցում նշել էր, որ Սուրիկ Խաչատրյանը միջնորդների միջոցով խոստացել է վերադարձնել վեճի պատճառ դարձած 102 միլիոն դրամի պարտքը մինչև դեկտեմբերի 15-ը: