Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ախուրյանի ոստիկանության բաժնում 43-ամյա գյումրեցի Գոռ Մանուկյանի ինքնասպանությունը արտառոց է նրանով, որ դա տեղի է ունեցել ոստիկանների քթի տակ` հատուկ հսկողության պայմաններում, գրում է «Առավոտը»:
Հիշեցնենք, որ Մանուկյանը ինքնասպանության համար օգտագործել էր սավանը, որի օգնությամբ խեղդել էր իրեն:
«Առավոտի» թղթակիցը գործով քննիչ Արմեն Միքայելյանին հարցրել է, թե ինչո՞վ են զբաղված եղել այդ ժամանակ խցերի մոտ հերթապահող ոստիկանները, և մի՞թե ձերբակալվածներին թույլատրվում է սավան-վերմակ տանել ու խուցը հանգիստ սենյակի վերածել:
«Սա եզակի դեպք է, մեր պրակտիկայում առաջին անգամ է նման բան կատարվում, որովհետև ձերբակալվածներին ընդունելիս նրանց մոտից վերցնում են գոտիները, կոշիկի կապերը, այն ամենը,ինչը հնարավորություն կտար ինքնասպան լինել: Երկու հատ սավանը, մեկ բարձի երեսը ձերբակալվածներին թույլատրվում է հատկացնել», – ասել է Միքայելյանը:
Քննիչը նշել է, որ հերթապահություն եղել է, հերթապահներից մեկը քայլել է խցերի դիմացի մասով` դիտանցքերից հսկելով ձերբակալվածներին, իսկ մյուսը գտնվել է հերթապահների համար նախատեսված սենյակում:
Միքայելյանը նշել է, որ դեպքից 3-4 րոպե առաջ հերթապահ ոստիկանը տեսել է Գոռ Մանուկյանին խցում քայլելիս, խոսել է նրա հետ, իսկ մի քանի րոպե անց նրան հայտնաբերել է իր մահճակալում սավանով խեղդամահ եղած:
Խցում Մանուկյանը եղել է մենակ, հերթապահ ոստիկաններն էլ նրա մոտ ոչ մի տարօրինակություն չեն նկատել:
Ոստիկանների խոսքով` Մանուկյանն իր ամբողջ կյանքն անցկացրել է գաղութում, 2003 թվականից նստած է եղել, երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն բանտից նոր դուրս եկած` կատարալ է հերթական գողությունը. Հորեղբոր որդու ավտոտնակը քանդել ու միջից փախցրել է ավտոմեքենան:
Այժմ ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:
«Առավոտի» հետ զրույցում քննիչ Միքայելյանը նշել է, որ իր արարքով Գոռ Մանուկյանը խայտառակել է Ախուրյանի ոստիկաններին, մինչդեռ, ըստ քննիչի, ոստիկանության բաժնում հերթապահությունը պատշաճ ձևով է կազմակերպվել, ոստիկանները գնացել-եկել ու դիտանցնքներից հսկել են խցերում գտնվողներին: