Մերձմոսկովյան դատարանը տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել մեծամասամբ հայերից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներին, որոնք զբաղվում էին մարդկանց առևանգմամբ և դրամաշորթությամբ:
Հանցավոր խմբավորման մեջ էին մտնում նաև գործող ՕՄՕՆ-ականներ: Այս մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նրա խոսքով` 2009 թվականին մայրաքաղաքային գործարար Արմեն Եփրեմյանն իր ծանոթներից մեկի` ՌԴ Ներքին Գործերի նախարարության նախկին աշխատակից Ալեքսեյ Կարմանովի հետ 9 հոգուց բաղկացած հանցավոր խմբավորում է ստեղծել:
Խմբավորման մաս են կազմել նաև այդ պահին գործող ՆԳՆ ՕՄՕՆ-ի աշխատակիցներ: Խմբավորման տրամադրության տակ կային նաև Կալաշնիկով հրացաններ, խլացուցիչ ատրճանակներ, ինչպես նաև նռնակներ ու ականներ:
Խմբավորման առաջին զոհն է դարձել ապակու գործարանի գլխավոր տնօրեն Հրաչիկ Արոյանը: Մեղադրյալները ցանկանում էին նրա համար 20 հազար դոլար ստանալ: Բայց գործարարը այդպիսի գումար չի ունեցել և նրան ազատ են արձակել:
Արոյանի հարազատներն միաժամանակ հասցրել են օգնություն խնդրել քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանից: Նա գտել է Եփրեմյանին, սակայն, գնահատելով նրա քրեական տաղանդը, առաջարկել է մեկ այլ հանցագործություն կազմակերպել` Սոչիի հյուրանոցային ցանցի սեփականատիրոջ` Յուրիկ Աբրահամյանի եղբոր առևանգումը:
«2009 թվականի սեպտեմբերին զինված ՕՄՕՆ-ականները ներխուժել են Աբրահամյանի տուն, կապկպելով տանը գտնվող հարազատներին, գողացել են թանկարժեք իրեր և զենք: Անձամբ տուժածին ՕՄՕՆ-ականները մեքենայով տեղափոխել են մեկ այլ վայր, որտեղ մոտ մեկ ամիս պահել են անազատության մեջ` եղբորից 6 միլիոն դոլարի փրկագին պահանջելով»,-հաղորդել է Մարկինը:
Մեղադրյալներին այդպես էլ չի հաջողվել ստանալ փրկագինը, ոստիկանները հասցրել են հանցագործների հետքին ընկնել: 2009-ի հոկտեմբերին տուժածին ազատել են:
Խմբավորման անդամները մեղավոր են ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով: Դատարանի վճռի համաձայն` Մելիքսեթյանը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, Կոնստանտին Դոզորովը`15, Սերգեյ Կոտովը`14, Սերգեյ Օտրակովսկին` 11, Սամվել Վոսկանյանն ու Ալեքսեյ Կարմանովը`10, Անդրեյ Դեմիդենկովը` 9: