Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը ընդունել է կրոնական ազատություններին վերաբերող 306 բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային օրինական տերերին վերադարձնել գողացված քրիստոնեական եկեղեցիների սեփականությունը և դադարեցնել ճնշումները քրիստոնյա հանրության անդամների նկատմամբ: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Բանաձևի համաձայն, ԱՄՆ Պետքարտուղարը թուրք առաջնորդների և այլ պաշտոնյաների հետ ցանկացած կոնտակտի ժամանակ պարտավոր է հայտարարել, որ Թուրքիան պետք է`
1 Վերջ դնի բոլոր տեսակի կրոնական խտրականություններին
2. Թույլ տա քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական սեփականատերերին կրոնական ծիսակատարություններ իրականացնել և սոցիալական ծառայություններ մատուցել, կրոնական կրթություն տրամադրել, հոգևորականների նշանակումներ իրականացնել, և այլ կրոնական ակտիվություն ցուցաբերել:
3. Օրինական տերերին վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը` վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, սրբավայրերը և կրոնական այլ գույքը:
4.Թույլ տա քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական սեփականատերերին պահպանել, վերակառուցել և վերանորոգել Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, սրբավայրերը, և այլ կրոնական սեփականությունները:
Հիշեցնենք, որ նախևառաջ կրոնական ազատություններին վերաբերող 306 բանաձևն ընթացիկ տարվա հուլիսի 20-ին ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Բանաձևը ներկայացնող կոնգրեսականներն էին Էդ Ռոյսը (Հանրապետական կուսակցություն) և Հովարդ Բերմանը (Դեմոկրատական կուսակցություն):