Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուսումնասիրության է առել 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո աշխատանքից ազատված 4 նախկին դիվանագետների դիմումը:
Հիշեցնենք, որ ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ԱԳՆ մամուլի վարչության պետ Վլադիմիր Կարապետյանին, ԱԳՆ-ում ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանին, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանին և Ամերիկայի ու Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանին:
Խնդրի հետ կապված Epress.am-ը զրուցել է նախկին դիվանագետներից գրող-հրապարակախոս Առաքել Սեմիրջյանի հետ:
«Արդեն ժամանակն էր, որ Եվրադատարանը քններ մեր դիմումը: Նախադեպ չի եղել, որ այս քանակի դիվանագետներ դիմեն իրենց աշխատանքից ազատելու համար: Նախադեպը չունեցող գործ է, ու դրա համար էլ եվրադատարանի ուշադրության կենտրոնում գտնվում»,- ասել է Սեմիրջյանը:
Վերջինս նշել է, որ դիվանագետների աշխատանքից ազատելու անհեթեթությունը կայանում է նրանում, որ իրենք որևէ քաղաքական հայտարարություն չեն արել: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, դիվանագետները հայտարարություն են տարածել, որում կողմերին սթափության կոչ են արել, նաև կոչ են արել, որպեսզի Հայաստանի իշխանությունները քայլեր ձեռնարկեն միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված ընտրակեղծիքների բոլոր դիտողություններն ու առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ, որը նրանք սահմանադրորեն պարտավոր էին անել:
«Մեր խդրանքը` կատարել իրենց սահմանդրական գործողությունները, դիտվել է որպես հանցագործություն»,- ասել է Սեմիրջյանը և տեղեկացրել, որ թեև իրենք քաղաքական հայտարարություն չէին արել ու պատժվեցին, բայց կային մարդիկ, որոնք այդ ժամանակ քաղաքական հայտարարություններ արել են ու չեն պատժվել:
Սեմիրջյանը մասնավորացրել է, որ դիվանագետ Գեղամ Ղարիբջանյանն իր աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, սակայն աշխատանքից չի հեռացվել:
«Ռուբեն Հակոբյանը (ներկայումս «Ժառանգության» փոխնախագահ – խմբ.), որն այն ժամանակ Սանկտ Պետերբուրգում հյուպատոս էր ու դեռ դաշնակցական էր, նա էլ իր աջակցությունն էր հայտնել գործող իշխանություններին, այն ժամանակվա կոալիցիային, որի մասն էր կազմում նաև ՀՅԴ-ն: Այդ հայտարարությունները հնչել են 2008թ. փետրվարին», – ընդգծել է Սեմիրջյանը:
Նա նաև նշել է, որ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, նույնպես քննադատել է իշխանություններին, սակայն պատասխանատվության չի ենթարկվել: