Գործարար Սիլվա Համբարձումյանը գոհ է,որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրենից հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն, միևնույն է, շարունակելու է մարզպետի դեմ պայքարը: Այս մասին Համբարձումյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Հարվածից ֆիզիկապես չեմ տուժել, խոսքը արժանապատվության մասին է», – ասել է գործարարը, ով իր ցուցմունքում էլ նշել էր, որ «Արմենիա-Մարիոթում» տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի ապտակից ինքը մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից:
Նախաքննությունը եկել էր այն եզրակացության, որ մարզպետի արարքն իր մեջ չի պարունակում ծեծի հատկանիշներ՝ իր «եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»:
Սիլվա Համբարձումյանի խոսքով` Խաչատրյանին խնայեցին առաջիկա ընտրությունների պատճառով: Գործարարը նշել է, որ առաջիկա ընտրություններին մտադիր է առաջադրել իր թեկնածությունը. «Որտեղ նա առաջադրի իր պատգամավորական թեկնածությունը, ես նույն տեղում առաջադրվելու եմ»:
Գործարարը խոստովանել է, որ ժամանակին իրեն նախարարական պորտֆելներ են առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է, և հիմա էլ քաղաքականություն մտնելու ցանկություն չունի: